Իրանի կողմից սահմանի վերաբերյալ շեշտադրումը կապված չէ Արցախում սրացումների հետ
Քաղաքական
11 Օգոստոսի 2022, 21:01
«Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի վերաբերյալ շեշտադրումը առավելապես պետք է պայմանավորել ոչ թե Արցախում վերջին սրացումներով, այլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրի ակտիվացման համատեքստում, քանի որ Իրանը ևս հետևում է խնդրի զարգացմանը և գնահատում իրավիճակը»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ այս հեռախոսազրույցում ևս Իրանն իր «կարմիր գծերն» է նշում՝ այս կարևոր և զգայուն խնդրի հետ կապված, քանի որ Հայաստան-Իրան սահմանի անխախտելիությունը կարևոր անվտանգային դեր ունի Իրանի համար։
«Հայաստան-Իրան սահմանի խախտումը կամ վերացումը լրջագույն անվտանգային խնդիրներ կարող է առաջացնել իրանական կողմի համար, ընդ որում՝ մի քանի ուղղությամբ»,- պարզաբանում է Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ Իրանի համար առանցքային է, դեպի Հյուսիս և Արևմուտք կապի ապահովման տեսանկյունից, թուրքական գործոնից կախվածության թուլացումը։
Նրա դիտարկմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հող է նախապատրաստելու Մեծ Թուրանի ստեղծման գաղափարի իրացմանը։ Փորձագետի մեկնաբանմամբ՝ դրա իրականացումը թիրախավորելու է Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները, որոնք բնակեցված են թյուրքալեզու ժողովուրդներով, և այս ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան տևական ժամանակ իրենց դիրքերի ամրապնդման քաղաքականություն են վարում։
Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում