Քաղաքական

Ռուսաստանը ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում խաղաղության պայմանագրի համար։ 

Զախարովայի խոսքով. «Ինչպես գիտեք մեր երկիրը ջանքեր է ներդնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար: Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցող ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, խաղաղության համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների և պարամետրերի հասնելու համար»։

Ըստ Զախարովայի, Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարևոր ոլորտներց է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը. «Մոսկվայի խորհրդատվական դերն այս գործընթացում արձանագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ։ Ինչպես հայտնի է, մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմ հանձնաժողով, և երկու երկրների սահմանին տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումները»։

Զախարովան նշել է, թե ՌԴ-ն միշտ պատրաստ է ընդունել հայ և ադրբեջանցի պաշտոնյաներին. «Համոզված ենք, որ Ռուսաստանի եզակի, մասնագիտական կարողությունները հետխորհրդային տարածքում սահմանազատման առումով կարող են էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Մենք ելնում ենք նրանից, որ Երևանն ու Բաքուն կորոշեն որոշակի միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետներ»: