ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն օրերս հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը պայքարը կշարունակի խորհրդարանից դուրս։ Սակայն ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները չեն պատրաստվում հետևել նրան՝ նշելով, որ խորհրդարանում շարունակելու են աշխատել իշխանություններին հեռացնելու ուղղությամբ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ։
- Արթուր Վանեցյանն ինչո՞ւ որոշեց հրաժարվել պատգամավորական մանդատից, ո՞վ է կանգնած այս գործընթացի թիկունքում, ի՞նչ է ուզում։
- Ցանկացած ԿԳԲ-ականի և նրա ծավալած գործունեության թիկունքում կանգնած է Ռուսաստանը: Չի բացառվում, որ որոշ ռուսական տեղային կենտրոններ ևս փորձեին հրաժարականի քայլի մեջ սեփական շահեր տեղավորել: Վանեցյանին այլ ճատրակային պարտիայի համար են պատրաստում. առաջին «լեվելն» անձամբ հաջողությամբ անցավ՝ պատային վիճակ ստեղծելով նույն դաշտի մրցակիցների համար: Իսկ, ընդհանուր առմամբ, գովելի է, երբ ցանկացած մարդ, նույնիսկ՝ ԿԳԲ-ականը, իր խոսքի տերն է. մարդն ասել էր՝ կհրաժարվի, հրաժարվեց:
- Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության մյուս պատգամավորները չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից։ Ինչու՞։
- «Հայաստանը» նման պարտավորություն չունի, իսկ «Պատիվ ունեմ»-ը պարտավոր էր հետևել իր առաջնորդին, եթե, իհարկե, պատիվ ասվածը դատարկ հնչյուն չէ քաղաքական մեր ամբողջ խավի համար: Մանդատներից չհրաժարվելու փաստը կվկայի, որ իրենց առաջնորդի այդ քայլն էլ առնչություն չունի ասպետականության կամ բարոյականության որևէ այլ բաղադրիչի հետ, այլ ընդամենը քիչ առաջ ասածս պարտիան է, որ փորձում են հանրային գիտակցության մեջ մանիպուլացնել իբրև քաղաքական բարձր մշակույթ: Մենք հիշում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին զուգահեռ ԱԺ-ում իրենց պաշտոններից հրաժարվեցին նրա զինակիցներից շատերը՝ տեղում թողնելով միայն առնետներին: Հիշում ենք նաև, որ խորհրդարան անցնելուց կարճ ժամանակ հետո «Պատիվ ունեմ»-ից մեկը «թռավ» ու դարձավ անկախ պատգամավոր: Մանիպուլյատիվ, ճղճիմ և բացառապես նյութապաշտական է ներկա Հայաստանի քաղաքական խավի վարքը:
- Դուք տարբեր առիթներով ասել եք, որ ՌԴ-ն է այս ընդդիմությանը թելադրում։ Ի՞նչ ստացավ ՌԴ-ն՝ նրանց փողոց հանելով, և ի՞նչ էր ուզում ստանալ, որ չստացավ։
- Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների սանձերը միանձնյա իր ձեռքում պահելը, թելադրող լինելն է ու Արևմուտքին Արցախի հարցից հեռացնելը: Կարծում եմ՝ պատերազմում հազարավոր զոհեր տալուց և հայրենիքի հսկայական հատված կորցնելուց հետո, Պուտինի՝ նոյեմբերի 9-ի՝ իր ձեռքով չարաբաստիկ հայտարարությունը գրած լինելու խոստովանությունից հետո, Շոյգուի՝ Արցախում ռուսների և թուրքերի համատեղ օպերացիա իրականացնելու մասին վկայությունից հետո, Հայաստանում այլևս ոչ ոք չի կասկածում, որ ռուսական՝ նաև հետագա միանձնյա որոշումները լինելու են ի վնաս Հայաստանի, ինչպես՝ 200 տարի շարունակ: Եվ որպեսզի Հայաստանի քաղաքացիները միասնական կամքով չընդդիմանան հակահայ կիսալուծումներին, Ռուսաստանին պետք էր մեր ժողովրդի մեջ սերմանել փոխատելություն, անվստահություն, անկազմակերպվածություն:
Կերակրատաշտային ընդդիմության միջոցով իր նպատակին Ռուսաստանը հասավ. երբեք այսքան ատոմացված չի եղել մեր ժողովուրդը, ինչպես՝ այսօր: Մավրերն արել էին իրենց սև գործը և կարող էին ժամանակավորապես տուն գնալ՝ մինչև հաջորդ հրահանգը ստանալը: Ցանկացած պահի քաոս պայթեցնելու հիմքն արդեն ստեղծված է, և Ռուսաստանը պարբերաբար, սինուսոիդով բորբոքելու է փոխատելությունն ու ներազգային թշնամանքը, որպեսզի, երբ ժամանակը գա, մինչև 2020 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորություններն ի հաշիվ Հայաստանի կատարի՝ առանց ավելորդ դժվարությունների: Դիմանալ և դիմադրել է հարկավոր: