Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունում չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից

Ինչպես հայտնի է, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ միաժամանակ հայտարարելով, որ շարունակելու է պայքարը խորհրդարանից դուրս։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, սակայն, չի շտապում մեկնաբանել Վանեցյանի որոշումը։ Radar Armenia-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց. «Տեսակետ ասելու խնդիր չկա, պարոն Վանեցյանի որոշումն է։ Մենք միասին պայքարել ենք իշխանությունների հեռացման համար և հանուն ՀՀ-ի ինքնիշխանության»։

Անդրադառնալով մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ Ավետիսյանը նշեց. «Նախ, մանդատը մեզ տվել է ժողովուրդը։ Բայց այն մեզ համար գերնպատակ չէ։ Նոյեմբերի 9-ից հետո մեր քաղաքական ուժը պայքարել է հանուն մեր ինքնիշխանության, Արցախի։ Սա է կարևորը՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, չպետք է հայաթափվի, ՀՀ-ն էլ չպետք է կորցնի ինքնիշխանությունը և թրքացվի։ Սա է գերնպատակը։ Եթե ձևակերպենք այդ գերնպատակը, օրինակ, իմ մանդատ ունենալ-չունենալու հարցը արդյո՞ք այս գերնպատակին զուգահեռ ենթակա է քննարկման։ Իհարկե, ոչ»։

Պատգամավորի խոսքով՝ այժմ խնդիրը գերնպատակին հասնելն է։ «Մենք մեր ուսերին մեծ պատասխանատվություն և պարտավորություն ունենք՝ մեր ինքնիշխան հայրենիքը փոխանցել մեր սերունդներին։ Սա է հարվածի տակ։ Մենք մեր ողջ հնարավորություններով լծված ենք այդ պայքարին։ Ամենատարբեր զարգացումներ, լուծումներ կարող են լինել։ Ցավոք, այսօր իշխանական շատ պատգամավորների համար մանդատ ունենալ մեծ իրադարձություն է։ Մանդատը մեզ տրվել է ժողովրդի կողմից՝ հստակ պահանջով՝ լինել հայրենատեր, պաշտպանել ընտրողների՝ հայրենիք ունենալու իրավունքը, իսկ մենք դա անում և անելու ենք ողջ ծավալով։ Այստեղ սակարկելու, հետ կանգնելու որևէ ճանապարհ չկա»։