Քաղաքական

Պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը դրական է

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Radar Armenia-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը դրական համարեց պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը. «Արևմտյան ռազմական մտքի հետ շփվելը միանաշանակ դրական է, վնաս չի կարող լինել դրանից։ Ուղղակի խորքային կամ գլոբալ փոփոխություններ չեն լինի»։

Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, ՀՀ ՊՆ-ում ստորագրվեց 2022 թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ ռազմական համագործակցությունը դրական է, եթե այն չմնա թղթի վրա՝ հաշվի առնելով ռուսական ազդեցությունը Հայաստանի կյանքում. «Ռուսական կողմը չի թողնի, որ մենք խորանանք այդ հարցերով, սա ուղղակի անորոշ քայլ է դեպի ապագա։ Ամեն դեպքում, վտանգ կամ վնաս չկա։ Արևմուտքի ռազմական միտքը այս պահին գերիշխում է աշխարհում, և այդ մտքի հետ ինչքան շատ շփվենք, այդքան մեր պետության համար լավ կլինի»։

Անուշ Մկրտչյան