Նախօրեին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որից պարզ է դառնում տարածաշրջանում տեղի ունեցող ևս մի կարևոր իրադարձության մասին։
Ըստ վրացական կողմի՝ հարևան երկրներից հարցում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու համար։
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը միանվագ տարանցման մասին է, և այն կիրականացվի անվճար։ Մինչ տեղեկատվության տարածումը արդեն թեմայի մասին հասցրել էին գրել ադրբեջանական կառավարամետ լրատվականները՝ Minval-ը և Haqqin-ը, սուր քննադատություն հնչեցնելով Թբիլիսիի հասցեին։
Հրապարակումների համաձայն՝ վրացական կողմը առաջարկել էր 111 կիլոմետրանոց հատվածի համար 92 դոլար սակագին մեկ տոննայի համար, որը կազմում է 0.82 դոլար 1 կիլոմետրի համար։ Ըստ ադրբեջանցիների՝ նմանատիպ փոխադրումը Ադրբեջանում արժենում է 17 դոլար։ Վրաստանի ներսում նմանատիպ բեռները Բաթումի, Փոթիի և Կուլեվիի նավահանգիստներ են ուղարկվում ևս 17 դոլար սակագնով։ Սա ցույց է տալիս, որ վրացական առաջարկը 40 անգամ բարձր է եղել ստանդարտ սակագնից։
Հատկանշական է, որ ադրբեջնական կայքերը չեն խուսափել պիտակավորումներից՝ ընդգծելով, որ այս քայլը վրացական կողմի մտադրությունների մասին է խոսում։
Որ Երևանն ու Բաքուն քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, դեռևս դեկտեմբերի 2-ին Դոհայի միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա հայտարարել էր, որ փոխադրումների մասին հարցը քննարկվել է Հայաստանի փոխվարչապետի՝ Գաբալայի շրջան այցի և սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հաջիևը սա աննախադեպ զարգացում էր համարել։
Հայկական կողմի արձագանքը վրացական կողմի հաղորդագրությանը ևս մտածելու տեղիք է տվել։ Նախարարությունից հայտնել էին, որ վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել են հրապարակված տեղեկատվությունը։ Հայկական կողմի առնվազն ժուժկալ այս հայտարարությունը ևս վկայում է, որ գործընթացում Երևանը ևս ունեցել է դժգոհություն։
Այս տեղեկատվությունը հայտնվում է այն ֆոնին, երբ վերջին շրջանում, նախ, խոսվում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի և հայ-ադրբեջանական վստահության մեխանիզմների կառուցման մասին, որի շրջանակում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով Հայաստան հասած ղազախական ցորենի խմբաքանակն էր։ Սա Հարավային Կովկասի երեք երկրի կողմից ողջունվել էր և խրախուսվել, որպես վերջին 30 տարվա մեջ տեղի ունեցած յուրահատուկ իրադարձություն։
Վրաստանի իշխանությունների հետ հարաբերությունների վատթարացման մասին խոսել էին ԵՄ երկրները, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, ի վերջո, Ուկրաինան, սակայն չէր սպասվում, որ հարաբերությունների՝ նման փոխազդեցությունը կարող է ներխուժել նաև տարածաշրջան։ Ընդգծման է արժանի նաև փաստը, որ պաշտոնական կողմերն իրենց հրապարակային հայտարարություններում շարունակում են պահել առերևույթ բարեկամական շեշտադրում։
Տարածաշրջանում վերջին շրջանում հայ-վրացական և վրաց-ադրբեջանական անվստահություն էր նշմարվում, որը եկավ փաստելու, սակայն ոչ՝ ապացուցելու արդեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, որը պնդել էր՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով զերծ մնալ Երևանը վրացական արևմտամետ ՀԿ-ների գործունեության նոր կենտրոնի վերածելուց։
««Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենք գոյություն չունի։ Ավելին, նման օրենքի ընդունում չի էլ նախատեսվում։ Այդ իսկ պատճառով վրացիների ազատ գործունեության սահմանափակման հիմքերը բացակայում են։ Կոբախիձեն, սակայն, Երևանին սպառնում է բեռների տեղաշարժի սահմանափակումներով»,- պնդել էր Վրաստանի նախկին ղեկավարը։
Իսկ վրաց-ադրբեջանական լարվածությունը վրացական սահմանին շարունակում է. սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները բախվում են համակարգված ուշացումների: Հաղորդվում է, որ որոշ բեռնատարներ ամիսներ շարունակ չեն կարողանում մաքսազերծել, իսկ ըստ ադրբեջանցիների՝ հարևան երկրի իշխանությունները չեն ցուցաբերել ո՛չ քաղաքական կամք, ո՛չ էլ կառավարման կարողություն խնդիրը լուծելու համար:
Եթե իրավիճակը այսպես շարունակվի, սա միայն բացասաբար կազդի բոլոր երեք կողմի վրա, քանի որ ներկայումս կա լավ հնարավորություն՝ եռակողմ համագործակցությամբ մաս դառնալու գլոբալ նախագծերի։ Գուցե, Թբիլիսում խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ կարող են քննարկվել և իրագործվել նախագծեր, որոնք կարող են շրջանցել երկիրը։ Բայց տարածաշրջանն առանց երեքի կայուն և վստահելի համագործակցության՝ չի կարող դիտարկվել որպես վստահելի ուղի գլոբալ և մեծ նախագծերի համար։ Այս պարագայում կողմերին մնում է հնարավորինս կարճ և ինտենսիվ բանակցություններով հարթել բոլոր տարաձայնությունները։