Վերլուծություն

Ո՞վ է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն, ու ի՞նչ սպասել նրանից

Օրերս Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցությունն ընտրեց իր նոր առաջնորդին և, համատեղության կարգով, երկրի նոր վարչապետին՝ Լիզ Թրասին։

Թրասը Միացյալ Թագավորության քաղաքական դաշտի հնաբնակներից է։ Շուրջ 8 տարի աշխատել է Դեյվիդ Քեմերոնի, Թերեզա Մեյի ու Բորիս Ջոնսոնի կաբինետներում։ Թրասի քաղաքական կարիերան շարժվել է միշտ վերընթաց ուղով՝ արդարադատության, ֆինանսների և առևտրի նախարարություններից մինչև ԱԳՆ։ Թրասը պահպանողականներին է միացել 1996թ.-ին: Ապագա վարչապետի առաջին աշխատավայրը դարձել է Shell նավթագազային ընկերությունը, որտեղ նա ստացել է հաշվապահի որակավորում, այնուհետ անցել է Cable & Wireless հեռահաղորդակցային ընկերություն և հասել մինչև տնտեսական տնօրենի պաշտոնին: Այդ ամբողջ ընթացքում Թրասը չի լքել քաղաքականությունը՝ փորձելով տարբեր պաշտոններ զբաղեցնել տեղական մակարդակի ընտրություններում, երկու անգամ էլ անհաջող առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում՝ 2002 և 2005 թվականներին:

2006թ.-ին Թրասը վերջապես կարողանում է ընտրվել Լոնդոնի Գրինվիչի շրջանի խորհրդում, իրեն լավագույնս դրսևորել ու աչքի ընկնել կուսակցական ղեկավարության առաջ: Թրասը աչքի է ընկնում Դեյվիդ Քեմերոնի օրոք և ներառվում է 2010թ.-ի խորհրդարանական ընտրություններում՝ պահպանողականների թեկնածուների առաջնային ցուցակում։ Արդյունքում, Թրասը հայտնվում է Համայնքների պալատում՝ չնայած ամուսնացած տղամարդու հետ սիրավեպի պատճառով ծագած սկանդալին: Այդ շրջանում է, որ բրիտանական զլմ-ները Թրասին անվանում են «Քեմերոնի կառավարության ծագող աստղ»:

2014-ին կառավարությունում վերադասավորումներից հետո Քեմերոնը Թրասին նշանակում է շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության հարցերով պետական քարտուղար: Այն բանից հետո, երբ իշխանության եկավ Թերեզա Մեյը, Թրասը 2016թ.-ին դարձավ արդարադատության պետական քարտուղար և լորդ կանցլեր՝ դառնալով Բրիտանիայի պատմության մեջ այդ պաշտոնում առաջին կինը:

Քեմերոնի, իսկ այնուհետ՝ Մեյի կաբինետում աշխատելու տարիներին Թրասը անընդհատ փոխում է իր քաղաքական հայացքները, ինչի համար նրան սկսում են անվանել «քամելեոն» և «ֆլյուգեր»: Այսպես, Քեմերոնի օրոք, Brexit-ի հարցով քվեարկությունից առաջ, նա ԵՄ-ին անդամակցությունը պահպանելու մոլի կողմնակից էր, բայց 2016թ. հանրաքվեի արդյունքներից հետո սկսում է պաշտպանել Brexit-ը։ Արդեն 2019թ.-ին Բորիս Ջոնսոնի կաբինետին է միանում՝ որպես ԵՄ-ից անկախանալու գլխավոր կողմնակիցներից մեկը։ Ընդ որում, Մեյի հրաժարականից հետո Թրասը ձգտում էր կուսակցության ղեկավարի պաշտոնին, սակայն, ի վերջո, հրաժարվել է առաջադրումից և իր լիակատար աջակցությունը հայտնել Ջոնսոնի թեկնածությանը:

Թրասը Ջոնսոնի կաբինետում մի քանի ամիս զբաղեցրել է արտաքին առևտրի նախարարի և Մեծ Բրիտանիայի առևտրական խորհրդի նախագահի պաշտոնը, բայց արդեն մի քանի ամիս անց դարձել է կանանց գործերի և իրավահավասարության նախարար: 2021թ.-ից մինչև Ջոնսոնի հրաժարականը գլխավորել է արտգործնախարարությունը։ 

Ի՞նչ սպասել ապագայում

Տնտեսական բլոկ

Թրասը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր «Անհապաղ գործողությունների» գնալ՝ տնտեսությունը փրկելու համար։ Դա նշանակում է, որ Թրասի կաբինետը, ամենայն հավանականությամբ, կկրճատի բնապահպանական հարկերը, կչեղարկի ազգային ապահովագրության և կորպորատիվ հարկի հավաքագրումների պլանավորված բարձրացումը, ինչպես նաև, հնարավոր է, կկրճատի ԱԱՀ-ն՝ տնտեսությանը նոր շունչ տալու համար։

Բայց նրա վարչապետության առանցքային հարցն, իհարկե, կդառնա այն, թե ինչքան հեռու է նա պատրաստ գնալ, որպեսզի օգնի ֆինանսական ծանր դրության մեջ գտնվող քաղաքացիներին։ Խոսվում է, որ նա լրջորեն քննարկում է էլեկտրաէներգիայի հաշիվները սառեցնելու հարցը՝ լեյբորիստների կողմից անցյալ ամիս առաջ քաշած ընտրական խոստումների ծիրում։ Մանավանդ, որ Միացյալ Թագավորությունում տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է միտք առ այն, որ ձմռանը շատ բրիտանացիներ ստիպված կլինեն ընտրություն կատարել «ջեռուցման և սննդի» միջև։ Այսինքն, պարզից էլ պարզ է, որ Թրասին և իր կաբինետին ծանր օրեր են սպասվում, և, տնտեսական ճգնաժամի խորացմամբ, էլ ավելի կնվազի պահպանողականների ու, անձամբ, Թրասի վարկանիշը։ Իսկ առջևում՝ 2024թ.-ին, սպասվում են նոր ընտրություններ, և տրամաբանական է, որ Թրասն ու իր կաբինետը կփորձեն ներքաղաքական ու տնտեսական խնդիրները փոխհատուցել արտաքին քաղաքական ակտիվությամբ ու ռազմատենչ հայտարարություններով։ Հենց այս համատեքստում պատահական չէ, որ միջազգային ուղևորությունների ժամանակ համաշխարհային զլմ-ները սկսեցին առաջին անգամ նշել Թրասի ու Մարգարետ Թետչերի կերպարային նմանությունն ու նրա մասին խոսել որպես նոր «երկաթե լեդի»՝ ոչ միայն ուղղախոսության, այլև Թետչերի հայտնի կերպարների նմանակման պատճառով: Այսպես, 2022 թվականի փետրվարի սկզբին Մոսկվա կատարած այցի ժամանակ Թրասը Մոսկվայի Կարմիր հրապարակում հայտնվել էր մորթե գլխարկով և մուշտակով, որոնք շատ էին հիշեցնում Թետչերի զգեստը՝ 1987թ. Մոսկվա կատարած այցի ժամանակ: Էստոնիայում Թրասն արդեն տանկի վրա էր՝ համահունչ Թետչերի՝ Արեւմտյան Գերմանիայում կատարած համանման արարքին։ Պատճառը, հավանաբար, Ռուսաստան-Արևմուտք ահագնացող ճգնաժամն էր և ուժեղ ձեռքի պահանջը, որը Թրասը լավագույնս մոնետիզացնում էր՝ շեշտելով նոր՝ «Սառը պատերազմ 2.0»-ն և իր կերպարը՝ որպես երկրի հնարավոր առաջնորդի: 

Իրավիճակն Ուկրաինայում

Արտաքին քաղաքականության մեջ Թրասն ակնհայտորեն ԵՄ-ի նկատմամբ առճակատման կուրսի կողմնակից է, որպեսզի հասնի «Բրեքսիթի» մասին պայմանագրի հյուսիսիռլանդական արձանագրության չեղարկմանը: Մնացած հարցերում նրա աշխարհայացքը ձևավորվել է ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի ազդեցության տակ։ Թրասի պատկերացումներում Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ի հետ հանդես է գալիս Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ առանց «վախկոտ եվրոպացիների» օգնության։

Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Թրասը միշտ էլ հանդես է եկել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով։ Դեռևս Ջոնսոնի կաբինետում՝ ՄԹ արտգործնախարարի պաշտոնում, Թրասը ամեն կերպ աջակցում էր Ուկրաինային, խոսում ռուսական ագրեսիան զսպելու ու ջախջախելու մասին։ Այս համատեքստում Թրասը հայտարարել է, որ իր նախորդի՝ Բորիս Ջոնսոնի գծի շարունակողն է: «Ես կլինեմ Ուկրաինայի լավագույն ընկերը»,-հայտարարել էր Թրասը դեռ հուլիսին՝ Կիևին խոստանալով «ավելի շատ ծանր սպառազինություն և ավելի շատ պատժամիջոցներ»: Սակայն առաջիկա ձմռանը էներգակիրների բարձր գները ավելի կբարդացնեն այդ գծի իրականացումը, քանի որ Եվրոպայում և ԵՄ երկրի ներսում լայն կոալիցիան, որն աջակցում է այդ դիրքորոշմանը, կարող է սկսել փլուզվել: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Թրասի՝ վարչապետ նշանակվելու օրը շտապ կերպով հեռախոսազրույց էին ունեցել Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդներ Մակրոնն ու Շոլցը։ Ռուսաստանը, սակայն, միակ երկիրը չէ, որը լարված հարաբերություններ ունի մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ։ Այսպես, Թրասը, դեռ արտաքին գործերի նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ, բազմիցս տարակարծիք է եղել ԵՄ ներկայացուցիչների հետ և հրաժարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «ընկեր» անվանել, ինչի համար խիստ քննադատության էր արժանացել պաշտոնական Փարիզի կողմից:

Գալիք ձմեռը, երկրի բնակչության դժգոհության, պարենային սահմանափակումների և աղքատության, առողջապահության չաշխատող համակարգի և գործադուլների շարքի ֆոնին, դառնալու է նոր կառավարության և նրա ղեկավարի համար իսկական քննական փորձադաշտ: