Կիրակի, 3 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան 1 ℃

Рус Eng

Իսկ անունը փոխելիս, բովանդակությունը փոխվելո՞ւ է. մի «պատմության» հետքերով

Վերլուծություն

31 Հունվարի, 21:01

Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը դարձնել «Հայաստանի պատմություն»։ Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության որոշման նախագիծը դրվեց հանրային քննարկման։ Սա այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում ՔՊ-ականների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Մի խումբ մասնագետներ կրթության նախարարություն են դիմել՝ դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկով: Էս առաջարկը ինձ ցնցեց ուղղակի: Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության դրվագներով, այսինքն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»:

Հիմա այս թեման բավական ակտիվ քննարկվում է հասարակական-քաղաքական շրջանակներում։ Բնականաբար, կարծիքները երկու խմբի են բաժանվել։ Բայց մենք չենք անդրադառնա մասնագիտական փաստարկներին։

Շատ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք՝ առարկայի բովանդակությունը։ Ի՞նչ է դասավանդվելու «Հայաստանի պատմություն» անվան տակ։ Արդյո՞ք նույնը, ինչ դասավանդվել է մինչ այժմ, «Հայոց պատմության» անվան տակ՝ պաթոս, «հայրենասիրություն», կենաց և հայդատականություն, ենթադրաբար՝ մի փոքր փոփոխություններով։ Այսինքն՝ արդյո՞ք նոր անվանումով առարկան դասագրքերում ներկայացվելու է նույն տրամաբանությամբ, ինչ մինչ այժմ է եղել, թե՞ ոչ։

ԿԳՄՍ նախարարության հիմնավորումներում որևէ բառ չկա այդ մասին։ Հիմնավորումները վերաբերում են միայն անվանափոխությանը։ Բայց եթե խոսում ենք արժեքներից, մտածողության փոփոխությունից, պետությունը հայրենակացական միավորումից տարբերակելուց, շատ ավելի կարևոր է դասավանդվող առարկայի բովանդակությունը, քան անվանումը։ Դժվար է վիճել, որ անունն ընդամենը ձևական կողմն է։

Ինչ վերաբերում է հիմնավորումներին. ըստ ԿԳՄՍՆ-ի՝ «Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050․ Հայաստանի վերափոխման ռազմավարությոն» ծրագրի «Մինչև 2030թ. մեգանպատակների» գործողությունների «1․ Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից»:

Որևէ բան հասկացա՞ք։ Փփորձեցինք գտնել «2050․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագիրն ու մեգանպատակները։ Այն, ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 21-ին է ներկայացվել՝ 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ։ Եվ աղետալի ելքով պատերազմին հաջորդած այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, ինչը նշանակում է, որ այս ընթացքում պետք է վերանայվեր նաև տվյալ «մեգառազմավարությունը» ու շատ բան համապատասխանեցվեր անգամ ոչ այնքան նոր, որքան առկա, իրական, փաստական իրողություններին։ Թեև, մյուս կողմից, պարզ է, որ նման ռազմավարություններն ընդամենը կենացներ են, ու կապ չունի՝ այնտեղ գրվածը որքանով է իրականանալի։ Կարևորը՝ մեծ նպատակներ են հռչակված և վերջ։

Մի դիտարկում էլ․ որոշման նախագծի հիմնավորումներում նշված է, թե այն ներկայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը։ Բայց պարզվում է՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը սահմանափակվել է Google որոնողական համակարգում մի քանի բան փնտրելով ու օնլայն վաճառքի կայքերից հղումներով տեղադրելով. այն էլ՝ անգլերեն, երբ «Հայոց պատմությունն» էլ անգլերեն դարձնելու պարագայում մասնագետները հենց «Հայաստանի պատմություն» են գրում որպես։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում