Վերլուծություն

Երբ ՀՅԴ-ականները խոսում են թմրաբիզնեսից

ԱԺ նիստում բավական հետաքրքիր հարցուպատասխան տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի միջև։ 

Թեև քննարկվող հարցը վերաբերում էր մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության կազմակերպմանը, սակայն ՀՅԴ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես են Հայաստան թմրամիջոցներ ներկրվում.

«Երբ բեռնատարով տոննաներով կոկաին է մտնում Հայաստան, պարզ է, չէ՞` մաքսային կետով է մտնում։ Հարցս հենց վերաբերում է դրան. խայտառակ վիճակ է Հայաստանում»,- ասել է ՀՅԴ-ական պատգամավորը։

Թմրաբիզնեսը, ինչպես ցանկացած այլ հանցագործություն, իհարկե, մերժելի երևույթ է, և ցանկացած իշխանություն պարտավոր է պայքարել արատավոր բարքերի դեմ։ Սա, կարծում ենք, անվիճելի պնդում է։

Միաժամանակ, անվիճելի է հարցը, որ «որդիները պատասխանատու չեն հայրերի համար», և այս տրամաբանությամբ ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանատու չէ իր կուսակցության ղեկավարների՝ նախկինում կատարած արարքների համար, առավել ևս, երբ այդ տարիներին Գառնիկ Դանիելյանը կուսակցության շարքերում չի եղել, անգամ քաղաքականության մեջ չի եղել։

Բայց, այնուամենայնիվ, ՀՅԴ-ական պատգամավորի հարցը հիշեցրեց հեռավոր 90-ական թվականները։

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1994թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով Հայաստանում ժամանակավորապես կասեցվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը։ Նախագահի հրամանագրում մանրամասն ներկայացված էին նաև պատճառները, որոնց թվում նաև միջազգային թմրաբիզնեսի՝ Բեյրութ-Երևան-Մոսկվա և այլ երթուղիների մշակմանն ու գործադրմանը մասնակցությունն էր․

««Նկատի ունենալով, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներսում ստեղծվել և գործել է զինվորական կառուցվածքով ու ճյուղավորված ցանցով գաղտնի հետախուզական ծառայություն, որ այդ ծառայությունը Հայաստանում զբաղվել է հանրապետական ազգային անվտանգությանն առնչվող ռազմական և տնտեսական բնույթի հետախուզական աշխատանքով, որ մասնակցել է միջազգային թմրաբիզնեսի՝ Բեյրութ-Երևան-Մոսկվա ու դեպի այլ երկրներ երթուղու մշակմանն ու գործադրմանը, որ ստեղծել է անօրինական տնտեսական կառույցներ և զբաղվել դրամաշորթությամբ (ռեկետ),

կազմավորել է մարտական խմբեր և նրանց միջոցով իրականացրել բացահայտված քաղաքական սպանություններ ու ծրագրել մի շարք այլ ահաբեկչական գործողություններ, որ գաղտնի ծառայությունն ստեղծվել է Դաշնակցության բարձրագույն մարմնի՝ Բյուրոյի որոշմամբ և գործել Հայաստանի կենտրոնական կոմիտեի գիտությամբ, որոշում եմ.

նշված ծառայության հետագա հնարավոր անօրինական գործողությունները կանխելու, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես, մինչև օրենքով սահմանված կարգով հարցի լուծումը, դադարեցնել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը»,- ասվում էր նախագահի հրամանագրում:

Մի հիշեցում էլ. թեև 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո ՀՅԴ-ն մոտ երկու տասնամյակ տարբեր ձևաչափերով իշխանության մաս կազմեց, սակայն «Դրո» և «30+1» գործերով դատապարտված ՀՅԴ-ականներից մի քանիսն այդպես էլ չարդարացվեցին՝ հակառակ դաշնակցականների պնդումների, թե 90-ականներին իրենց վրա այդ գործը «կարել էին»։

ՀՅԴ-ականները միայն ասում են, թե իրենց առաջնորդ Հրանտ Մարգարյանին թեև ներկայացվել էր թմրանյութերի շրջանառության մեղադրանք, բայց հետո այն չդրվեց դատավճռի հիմքում:

Արման Գալոյան