Չինաստանի նախագահ Սի Ծինպինը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում էր։ Այցին նախորդել էր մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու՝ Հաագայի միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) սանկցիան։ Թեև հարկ է նշել, որ Սիի այցը վաղուց էր պլանավորվել, բայց դատարանի որոշումը ոչ միայն չազդեց, այլև հավելյալ խորհրդավորություն ավելացրեց հանդիպմանը։
Մինչև հանդիպումը շատ էր խոսվում այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը նոր աշխարհակարգ են կառուցում, դուրս են եկել միաբևեռ՝ ԱՄՆ-արևմտակենտրոն աշխարհակարգի դեմ և պայքարում են ուս-ուսի։ Սակայն Չինաստանի քայլերը ՌԴ հանդեպ ոչ միայն չեն խոսում փոխգործակցության և մի ճակատով պայքարի մասին, այլև բնութագրում են Չինաստանին՝ որպես ռուսական սխալների աշակերտի։
Սիի այցը նախևառաջ այց էր «ռուսական լաբորատորիա», որտեղ Սին կարող է «real time» ժամանակում տեսնել, թե ինչպես կարելի է դիմադրել և ապրել արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ Չէ՞ որ, ըստ մասնագետների, վաղ թե ուշ, ներկայիս Չինաստանը կամ կփոխի իր կառավարման մոդելը և կձուլվի արևմտյան աշխարհին քաղաքականապես, կամ էլ կհայտնվի Ռուսաստանի վիճակում։ Եվ Սին, իր կառավարման հենց սկզբից այդ ապագան աչքերի առաջ, գնում է դեպի տնտեսական, քաղաքական ու մշակութային ինքնաբավության մոդելի։ Իսկ Ռուսաստանն իդեալական լաբորատորիա է թե՛ դիտարկումների, թե՛ փորձարկումների համար։
Ավելին՝ վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցով Սին Պուտինին նվիրում է նրա ցանկալին՝ սիմվոլիզմ և կարևորության զգացում, բայց դե ֆակտո չտալով ոչ մի կոնկրետ խոստում և տնտեսական հնարավորություններ։ Հակառակը, գրավելով մեքենաների և տնտեսական ապրանքների շուկան՝ Չինաստանը լավագույնս օգտվում է արևմտյան պատժամիջոցներից։ Եթե նորմալ պայմաններում չինական ավտոպրոմը պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեր ռուսական շուկան գրավելու համար, ապա պատերազմն ու պատժամիջոցները ուղղակի նվիրեցին ռուսական ավտոշուկան Չինաստանին. 2022թ. ավարտվի տվյալներով՝ շուրջ 40%: Նմանապես և գազի հարցը․ որքան էլ Պուտինը հույս ուներ «Սիբիրի ուժը-2» գազամուղը համաձայնեցնել Սիի հետ, բայց կրկին ոչ մի կոնկրետություն ու հեռանկար։ Ճիշտ է՝ Սիի այցով 14 փաստաթուղթ է ստորագրվել, բայց բոլորն էլ գլխավորապես նպատակների ու ցանկությունների, ոչ թե կոնկրետ քայլերի ու հեռանկարների տիրույթում։
Սին այցով ցույց տվեց, որ ամենևին էլ մտադիր չէ կոնֆրոնտացիայի մեջ մտնել հավաքական Արևմուտքի հետ, չի պատրաստվում զենքի մատակարարումներ իրականացնել Ռուսաստան, աջակցել նրա ռազմական հաղթանակին Ուկրաինայում, բայց ամեն ինչ կանի ռուսական շուկան իրեն ենթարկելու, Ռուսաստանը քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ պահելու և ապագայի ռիսկերը լաբորատոր փորձարկումների ենթարկելու համար։ Իրավիճակը ձեռնտու է երկու կողմերին. Չինաստանը գնալով ավելի շատ նավթ, գազ և այլ հումք է գնում Ռուսաստանից, իսկ փոխարենը վաճառում է ավելի շատ կենցաղային տեխնիկա, որն օգտագործվում է ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակներով։ Բացի այդ, այս առևտրի զգալի մասը լինելու է յուանով, որի մասնաբաժինը Ռուսաստանի առևտրում երկու տարվա ընթացքում աճել է շուրջ 30 անգամ։
Ամփոփելով՝ աշխարհի երկրորդ տնտեսության առաջնորդի այցը Կրեմլ հնարավորություն տվեց ասելու, որ Ռուսաստանը այնքան էլ մեկուսացված չէ։ Այդ «չմեկուսացման» գինը Չինաստանից աճող քաղաքական և տնտեսական կախվածությունն է՝ երբեմն և գլխավորապես ի վնաս Մոսկվայի սեփական շահերի։