Վերլուծություն

Թուրքիան՝ հմուտ լարախաղաց. ռուս-ուկրաինական պատերազմի միջնո՞րդ, թե՞ հովանավոր

Ուկրաինական պատերազմի առաջին օրվանից Թուրքիան հայտնվել է հմուտ լարախաղացի դերում՝ զգուշորեն հավասարակշռելով հարաբերությունները երկու կողմերի հետ: Թուրքիան մի կողմից խոսում է Ուկրաինային իր անվերապահ աջակցության ու նրա տարածքային ամբողջականության ճանաչման, ռազմական ու դիվանագիտական աջակցության մասին, մյուս կողմից՝ խորացնում է իր ռազմա-տնտեսական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զգալի առաջընթացը նախորդ օրերին էր, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Լվով՝ հանդիպելու Վլադիմիր Զելենսկիի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկելու ուկրաինական հացահատիկի արտահանումները, որի ժամանակ էլ Ուկրաինայի նախագահին առաջարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղղակի բանակցություններ վարել: Հարկ է հիշել, որ դրանից երկու շաբաթ առաջ Էրդողանը Սոչիում հանդիպել էր Պուտինին, որտեղ նրանք պայմանավորվել էին ընդլայնել իրենց համագործակցությունը՝ ռազմական, տնտեսական, ֆինանսական ու անվտանգության ոլորտներում։

Այս ամենից հարց է ծագում՝ որքա՞ն ժամանակ Էրդողանը կարող է շարունակել խաղալ այս երկակի խաղը՝ միաժամանակ բարեկամ լինելով երկու թշնամիներին ու փորձել խաղաղարար դառնալ՝ ուղղակի շահառուի կարգավիճակով։

Մի կողմից՝ Թուրքիայի համար տնտեսական և դիվանագիտական առաջնահերթություն է Ուկրաինայի չջախջախվելը։ Որքան շարունակվի պատերազմը ու ուկրաինական դիմադրությունը, այնքան Ռուսաստանը կխրվի հակամարտության մեջ և «կընկնի» Թուրքիայի գիրկը։

Պատժամիջոցներին զուգահեռ՝ Ռուսաստանը վերապրոֆիլավորում է իր տնտեսական ուղղություններն ու ֆինանսական հոսքերը՝ փորձելով այլընտրանքային ճանապարհներ գտնել ներմուծումների ու տնտեսության զգայուն ճյուղերի համար։ Թուրքիան, իր հերթին, ստանում է ավելի էժան էներգառեսուրսներ ու հումք, Հարավային Կովկասում, Սիրիայում ու Լիբիայում ստանում է հնարավորությունների պատուհան իր տարածաշրջանային առաջնահերթությունների համար։ Դե ֆակտո, Թուրքիան երաշխավորում է պահպանել ռուսական թիկունքը՝ ռուս-թուրքական մրցակցության տարածաշրջաններում ստանալով գործողությունների ազատություն։ Ավելին՝ Թուրքիան նաև կարողանում է իր միջնորդական առաքելությունը «թանկով» վաճառել ԵՄ-ին և Արևմուտքին, նախ՝ որպես Ադրբեջանի գազային «այլընտրանքի» հովանավոր, ապա նաև՝ հացահատիկի արտահանման գործարքի երաշխավոր։ Միաժամանակ, Էրդողանն ուղղակիորեն քանիցս հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը և նպաստել զինադադարի բանակցությունների վերսկսմանը և խաղաղության օրակարգին։

Մյուս կողմից, սակայն, Թուրքիան F16 ամերիկյան կործանիչների գնման թեմայով նաև բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ երաշխավորելով ռուս-ուկրաինական ճգնաժամում իր անվերապահ աջակցությունը Ուկրաինային ու արևմտյան օրակարգին։ Դրանով հադերձ՝ Թուրքիան Ռուսաստանից նաև ձեռք է բերում C-400 հրթիռային համակարգերի նոր խմբաքանակ՝ անընդհատ փորձելով ցույց տալ, որ ինքնուրույն խաղացող է ՆԱՏՕ-ի կազմում։ Նույն տրամաբանությամբ էր նաև իր թշնամիների արտահանձման պահանջը՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հաստատման դիմաց։

Իհարկե, որքան կոնֆլիկտը երկարի, որքան կողմերից ոչ մեկը չկարողանա զգալի գերակայություն ստանալ պատերազմի թատերաբեմում, այնքան բարենպաստ պայմաններ կլինեն թուրքական լարախաղացության համար, մանավանդ, որ մեծ կոնֆլիկտների պարագայում չեզոքության ու առևտրի ավանդույթը խոր արմատներ ունի ժամանակակից Թուրքիայում, և, առավել ևս, որ Արևմուտքը, դատելով քայլերից, դեռևս չի դակել Ռուսաստանը՝ որպես նոր նացիստական Գերմանիա՝ դրանից բխող հետևանքներով։ 

Էրդողանական Թուրքիան փաստացի օգտվում է ԵՄ-ի տատանումից՝ Ուկրաինային սահմանափակ օգնության, Ռուսաստանին՝ սահմանափակ պատժամիջոցների ստրատեգիայից։ Ռուսաստանը դեռևս ուժեղ է, նրա պարտության մասին լուրերը խիստ չափազանցված են, և Էրդողանը ամեն ինչ անում է՝ պահպանելու և օգտագործելու այդ նուրբ բալանսը և հնարավոր առավելագույնը քաղելու կոնֆլիկտից։

Գոռ Մադոյան