Վերլուծություն

Ռուսաստանի անկման մասին լուրերը խիստ չափազանցված են. պուտինյան իշխանության նոր շունչը

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերի էյֆորիան արդեն հաջորդ ամիսներին փոխարինվեց մի տեսակ սառը ցնցուղով։ Ռուսական զենքի ու ուժի «միֆի» սիրահարները, որոնք պատերազմի առաջին իսկ օրվանից խոսում էին ռուսական բլիցկրիգի փայլուն արդյունքների ու Ուկրաինայի ջախջախման մասին, հիմա էլ խոսում են Ուկրաինայի ռևանշի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնակենտրոն ռեժիմի փլուզման մասին։ Իսկ իրականությունը, ի տրտմություն երկու կողմերի, լիովին այլ է։ 

Երբ խոսվում է Պուտինյան ռեժիմի թուլացման կամ ուժեղացման, պատերազմում հաղթանակի ու պարտության հեռանկարների մասին, ինքնին ենթադրվում է, որ ռեժիմի գոյությունը ուղիղ կապված է պատերազմի արդյունքներից և դրա ածանցյալն է։ Այնինչ ժամանակը ցույց է տվել, որ ուղիղ հակառակն է՝ պատերազմն է պուտինյան ռեժիմի հետևանքը։ 

Շատերը խոսում են, որ պուտինյանի ռեժիմի՝ ծերացող առաջնորդով անձնակենտրոն կառավարմամբ ու գործնականում անսահմանափակ ռեսուրսներով երկրի համար, կարևորը սեփական քաղաքական համակարգի կոնսերվացիան է։ Թե՛ Պուտինը, թե՛ իր շրջապատը բազմիցս մեղադրել են Գորբաչովին ԽՍՀՄ փլուզման ու «Վերակառուցման» արդյունքում Ռուսաստանի դիրքն ու ազգային շահերի ոտնահարման համար։ Եվ հիմա, նոր պատերազմով ու Արևմուտքի հետ առճակատում (նաև՝ մեկուսացմամբ) հնարավորություն է ընձեռնվում կոնսերվացնել ռեժիմը արդեն  քաղաքականապես։ Կոնսերվացնել, սակայն միաժամանակ, պահել քվազի շուկայական տնտեսաձևը և փորձել տարատեսակ զարտուղի ճանապարհներով չգնալ 90-ականների դեֆիցիտին ու ինֆլյացիային։ Ավելին՝ արդեն վերջին ամիսներին՝ պատերազմի տեմպի դանդաղեցման, ռազմավարական դադարին զուգահեռ, ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը գոնե էներգակիրների արտահանման հարցում գտել է այլընտրանքային ճանապարհներ։ Գտնված «նոր» գործընկերների միջոցով կարողանում է թե՛ ուղղակի, թե՛ աննուղղակի իր հիմնական ռեսուրսը արտահանել հասանելի շուկաներ՝ դեռ մի բան էլ ավելի բարձր ու ձեռնտու գներով։  

Պատերազմի սկզբում, երբ հրապարակվեց ՌԴ տխրահռչակ անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը թե՛ ռուսաստանցի, թե՛ արևմտյան փորձագետները մի տեսակ շոկի մեջ էին։ Բոլոր նրանք, ովքեր խոսում էին կոլեկտիվ կառավարման, պուտինյան էլիտայի գերագնահատված ազդեցության մասին, մեղմ ասած, խարխափումների, եթե չասենք՝ սխալ հաշվարկների տիրույթում էին։ Տեսանյութից պարզ դարձավ, որ Պուտինի անձնակենտրոն կառավարման համակարգը վաղուց կոլեկտիվ կառավարում չի ենթադրում, և նրա, այսպես կոչված, մերձավորներն ու քաղաքական թիմը պարզապես նրա ենթականերն են ու նրա կամակատարները։ Պարզվեց, որ սոցիալական մանր հարցերից անդին՝ պատերազմի ու խաղաղության հարցը լուծում է միայն մեկ անձ՝ ինքնակալը՝ Պուտինը։ Ինչպես որ Ղրիմի բռնակցման դեպքում էր դա պարզ դարձել և ավելի վաղ՝ 2008թ. վրացական պատերազմի ժամանակ, երբ, ըստ ռուսական մամուլում տարածված տեղեկությունների, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը միայն ռազմական գործողությունների մեկնարկից հետո էր իմացել ռուս-վրացական պատերազմի մասին։ 

Ինչևէ, շատերը կարծում էին, որ ռուսական զորքերի նահանջը Կիևի մարզից, ռազմավարական անհաջողությունները և արևմտյան աննախադեպ սանկցիաները կսասանեն Պուտինի ռեժիմն ու կքանդեն Ռուսաստանի իշխանական համակարգը։ Սակայն, ավտորիտար կառավարմամբ անձնակենտրոն դիկտատուրաների մեծ մասը երբեք, արտաքին ուժերի պատժամիջոցների ազդեցությամբ չի փլուզվել կամ փոփոխվել։ Դրանք փոխվել են կա՛մ ներքին հեղաշրջման, կա՛մ պատերազմում պարտության կամ արտաքին անեքսիայի արդյունքում։  

Հիմա, շատերի կարծիքով՝ Պուտինյան ռեժիմը ներքուստ ավելի ուժեղ է։ Պատժամիջոցները հակառակ ազդեցությունն են ունեցել՝ ներսից համախմբելով բյուրոկրատիան, տեխնոկրատներին և պայմանական լիբերալներին։ Ավելին՝ ի դեմս քաղաքականապես վերակենդանացած Մեդվեդևի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիյենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինի ու Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի, տեսնում ենք մրցակցություն՝ նոր պատերազմական իրականության պայմաններով։ Մրցակցություն՝ ավելի ռազմատենչ, ավելի պատերազմական, ավելի աննահանջ թվալու։ Տեսնում ենք նոր պրոյեկտներ՝ բռնակցված տարածքների տնտեսական, գաղափարական ու քաղաքական յուրացման համար։ Որոնք ուղղված են հենց պուտինյան օրակարգը հարստացնելու, ինքնակալի առաջ դիվիդենտ հավաքելու և ընթացիկ «մեյնսթրիմի» մեջ սեփական դիրքերը ամրապնդելուն։

Մյուս կողմից՝ պուտինյան ռեժիմը նաև բարեհաջող ու հեռահար հաշվարկով թույլ տվեց Ռուսաստանը լքել բոլոր դժգոհներին, ինտելեկտուալներին, երիտասարդ մասնագետներին ու պոտենցիալ ընդդիմադիր շերտերին՝ գլխավորապես իր ազդեցության ոլորտներում գտնվող Վրաստան, Հայաստան, Ղազախստան։ Որոնք կարծես թե կայսրության քաղաքացիներն են պարզապես աքսորում՝ կայսրության ծայրագավառներում՝ կայսրության քաղաքացիների սեփական դիրքն ու իրավունքը պահպանած։ 

Այդպիսով, կարելի է պնդել, որ պատերազմի ընթացիկ փուլում պուտինյան ռեժիմը ոչ միայն չի թուլացել, այլև հակառակը՝ ավելի է ամրապնդվել՝ ավելի փակվելով, ավելի ռեպրեսիվ դառնալով ու ավելի կենտրոնացնելով տնտեսական, քաղաքական ու իդելոլոգիական ռեսուրսները նոր «Պերեստրոյկա 2.0» պրոյեկտի համար։ Այս անգամ՝ պարզապես հակառակ կողմից ու հակառակ՝ ավելի փակվելու, կարծրանալու ու մեկուսանալու տրամաբանությամբ։