Երկուշաբթի տեղեկատվություն տարածվեց, որ արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ։ Անցակետում Հովհաննիսյանի մուտքն արգելել են ռուս խաղաղապահները։ Ակնկալելի էր, որ այս դեպքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալու։
ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի հետ Հայաստանը որևէ կապ չունի, հարցերը պետք է ուղղել ռուս խաղաղապահներին։ Այս պարզաբանումը, սակայն, չբավարարեց թեման շահարկողներին։ ՀՀ իշխանություններին քննադատելու և բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու պատրաստ հակաիշխանական տարբեր խմբեր թեման ծավալեցին հենց այդ ուղղությամբ։ Առավել ապշեցուցիչն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մեկնաբանությունն էր, ով նշել էր, թե Հայաստանի իշխանությունները «ցանկանում են ժողովրդի մեջ բացասական տրամադրություններ սերմանել ռուս խաղաղապահների նկատմամբ»։ Փաստորեն, ըստ պատգամավորի տրամաբանության, ռուս խաղաղապահներն արգելում են ՀՀ քաղաքացու մուտքը ԼՂՀ՝ իրացնելով ժողովրդի աչքում իրենց նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելու՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։
Ընդհանրապես, տպավորություն է, որ և Հայաստանում և Արցախում կան շրջանակներ, որոնք դասեր չեն քաղել պատերազմից։ Նրանք կամ չգիտեն, թե ինչ իրավիճակ և արդյունքներ են առկա պատերազմից հետո, կամ՝ լավ գիտեն, բայց ձևացնում են հակառակը։ Այդ անգիտությանը կամ իրողությունների դիտավորյալ խեղաթյուրմանը հարել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի ղեկավարը հայտարարել է, որ, ճիշտ է, Արցախի կառավարությունը չի կարողացել պարզաբանել, թե ով է կանգնած այդ արգելքի հետևում, սակայն իրենց համոզմամբ՝ դա ՀՀ վարչապետն է: Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն տալիս է հստակ պարզաբանում: Ավելին, չի էլ բացատրվում, թե ինչու պիտի ՀՀ վարչապետը արգելեր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։
«Ժառանգություն» կուսակցությունը դրանով իրեն դասում է հակաիշխանական ուժերի շարքին, որոնք որևէ հարցում տարբերություն չեն դնում, երբ բանը հասնում է իշխանություններին քննադատելուն: Իհարկե, առողջ հասարակություններում ընդդիմության ինստիտուտը շատ կարևոր է՝ իշխանություններին հակակշռելու և մշտապես զգոն պահելու տեսանկյունից, և տեղին ու փաստարկված քննադատությունը միայն օգուտ է: Սակայն հայաստանյան ընդդիմության մետամորֆոզը վնասաբեր է հանրության և պետության համար: Րաֆֆի Հովհաննիսյանի, դրանից առաջ էլ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ Արցախ մուտքն արգելելը հակաիշխանական ուժերը օգտագործեցին իշխանությունների դեմ նոր արշավի համար: Եվ այս ամենի ֆոնին, կարծես, այդ ուժերը, ՌԴ-ի և Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող հարցերը ՀՀ իշխանություններին հասցեագրելով, խնայում են այդ պետություններին՝ հօգուտ ՀՀ իշխանություններին «ցավեցնելու» նոր թեմա և առիթ ստանալու համար:
Իսկ ի՞նչ հիմք կա նման կարծիքի. թերևս այն, որ վերջին պատերազմից հետո ՀՀ-ն կորցրել է Արցախի անվտանգության երաշխավորի դերը: Այդտեղ տեղակայված ռուսական խաղաղապահներն են, ըստ ստորագրված համաձայնագրի, Արցախի անվտանգության երաշխավորը: Արցախ մուտք ու ելքի թույլտվությունը ռուսաստանյան խաղաղապահների իրավասությունների ներքո է: Հաշվի առնելով Արցախ մուտքի ու ելքի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների՝ դեռ մինչպատերազմական շրջանից շարունակվող կայուն խանդը՝ ռուսաստանյան խաղաղապահներն այդ հարցում, թերևս, ավելի «դյուրին» կարող են հաղորդակցվել նրանց հետ, քան՝ Հայաստանի իշխանությունների: Այս իրողությունների առկայությունը հաշվի չառնելը հակաիշխանական ուժերի կողմից ավելի շատ հակում է այն մտքին, որ նրանք, ըստ էության, շնորհակալ են ռուսաստանյան խաղաղապահներին և Ադրբեջանին՝ ՀՀ իշխանություններին քննադատելու և անհարկի շահարկումների առիթի նոր չափաբաժին նվիրելու համար: