Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Սա նախորդներից տարբերվում էր նրանով, որ նախաձեռնողների և մասնակիցների աշխարհագրական շրջանակը դուրս չէր գալիս Հարավային Կովկասի սահմաններից՝ ի տարբերություն Մոսկվայի ու Բրյուսելի։ Այս անգամ բանակցությունների նախաձեռնողը Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին էր։
Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները կարևոր գործիք են հարաբերությունների կարգավորման պրոցեսում՝ նկատի ունենալով դրանց պատմական անցյալն ու, ըստ էության, պատմական բեռը։ Վերջին հարյուրամյակում հայ-ադրբեջանական հարաբերություններում կամուրջի դեր են ստանձնել արտաքին դերակատարները, ինչպես, օրինակ, ցարական Ռուսաստանը, սովետական Ռուսաստանն ու, ապա, ՍՍՀՄ-ը, իսկ ետսովետական ժամանակափուլում՝ ՌԴ-ն ու հավաքական արևմտյան պետությունները։ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, եղել են կայսերական ծայրամաս, այդպես ընկալվել են՝ նաև քաղաքականապես, ուստի պատահական չէ, որ նրանց հարաբերությունները կրում են այդ ժառանգության ծանրությունը։
Եվ, ըստ այդմ, պետք է հաշվի առնել, որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները թիկունքում չունեն հարուստ պատմություն, այլ կերպ ասած՝ մի տասնամյակի կտրվածքով անգամ եզակի երևույթ են։ Պետականության առկայության պայմաններում այս հանդիպումը կարող է դառնալ հաջող նախադեպ՝ միմյանց հետ շփվելու, իրար ճանաչելու ու ուղիղ խոսելու դրականությամբ։ Կարևոր է նաև հաշվի առնել, թե աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ինչպիսի համատեքստում են տեղի ունենում այդ երկկողմ հանդիպումները։
Նախ, Երևան ժամանեց Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ապա՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը, այդուհետ՝ ՌԴ ԱՀԾ պետ Սերգեյ Նարիշկինը։ Եվ այս այցերը՝ ընդամենը 10 օրում։ Այցերի փաստն արձանագրելով՝ նկատենք, որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները չեն կարող զուրկ լինել արտաքին ազդեցություններից։ Բնական է, որ ակտիվ հաղորդակցություն է առկա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարների միջև։ ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում նույնպես, ինչպես՝ այլ հակամարտությունների, միջազգային խաղացողներն ուղիղ, թե անուղղակի ներգրավված են գործընթացում։ Հարցը նրանում է, թե կողմերի հնարավորություններն ինչքանով թույլ կտան՝ իրենց շահերը հետապնդելիս քաղել հնարավոր առավելագույնը։ Ռազմական անհաջողությունը դատավճիռ չէ։ Պատմական փորձը ցույց է տվել, որ զենքով նվաճված հաջողությունները միշտ չէ, որ ամրագրվել են դիվանագիտական հաջողություններով։
Այս փորձառությունը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի դիվերսիֆիկացված ու բազմաշերտ հաշվարկի վրա՝ տարածաշրջանային և միջազգային դերակատարների հետ շփումներում լինելով հավասարակշռված ու սթափ։ Ուղի՞ղ, թե՞ միջնորդավորված բանակցություններ։ Այստեղ ընտրանքի խնդիր չկա։ Ցանկալին դրանց խելամիտ զուգահեռումն է։ Եվ Միրզոյան-Բայրամով ուղիղ բանակցությունների փաստը կարևորվում է նաև այն առումով, որ որոշակիորեն կոտրում է առանց միջնորդների, դեմ առ դեմ հանդիպելու բարդույթները։