Վերլուծություն

Եվրոպան հոգնե՞լ է պատերազմից. նոր «Մյունխենյան գործարքի» հետքերով

Վաղը՝ հունիսի 16-ին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին պատրաստվում են այցելել Ուկրաինա՝ իրենց աջակցությունը հայտնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այցն իրականացվում է Եվրամիության գագաթնաժողովին, G7-ի հանդիպմանը և ՆԱՏՕ-ի համաժողովին ընդառաջ։ Հանդիպումներ, որտեղ պետք է վճռվեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության թեկնածության հարցը, դաշնակիցների ռազմական մատակարարումներին, հակառուսական պատժամիջոցներին վերաբերող առանցքային խնդիրները։ Մինչ այդ էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դել Լեյենն էր այցելել Կիև: Այցը, ըստ պաշտոնական պարզաբանման, նպատակ ուներ գնահատել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հնարավորությունները:

Այս համատեքստում բավականին հետաքրքիր ուղերձ է պարունակում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը։ Ըստ վերջինիս՝ Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն հաստատել, սակայն հարցն այն է, թե ինչ տարածքային զիջումներ այն կարժենա Ուկրաինային։ Իսկ վերջնական շտրիխն արդեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնինն էր։ Պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին «չնվաստացնելու» կոչին՝ Քլինթոնն ասել էր, որ Պուտինը «վաղուց է հատել կարմիր գիծը», և այս պատերազմի հաջորդ քայլը պետք է լինի Ռուսաստանը պարտությունը։

Նավթի ու գազի գների սրընթաց աճը, միլիարդավոր դոլարների կորուստը, որ կրում են Եվրամիությունն ու արևմտյան երկրները, չեն կարող իրենց հետքը չթողնել իրադրության վրա՝ դրսևորվելով Ուկրաինայի դաշնակիցների «պատերազմից հոգնածության» և խաղաղության բանակցություններում նրանց դիրքորոշման միջոցով։ Թե՛ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, թե՛ Գերմանիայի կանցլեր Շոլցը բազմիցս հայտարարել են ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները շարունակելու անհրաժեշտության ու Ռուսաստանին անհրաժեշտ «ելքի» հնարավորություն տալու մասին։ Ավելին, Ուկրաինան, հատկապես դոնբասյան ընթացիկ պատերազմական գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ արևմտյան դաշնակիցներն իրեն հիմնականում պաշտպանողական զենքեր են տալիս, և այն էլ՝ այնքան, որ հերիք է միայն պաշտպանության, ոչ՝ հակահարձակման համար։ Ստացվում է, որ կամա, թե ակամա ուկրաինացիներն իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը շահագրգռված չէ իրենց հաղթանակով, և, ավելին, եվրոպական հասարակություններն էլ պատրաստ չեն Ռուսաստանի ջախջախման գինը վճարել ու հրաժարվել իրենց բարեկեցիկ կյանքից։

Այս ամենից հետևում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլն ու ԵՄ ղեկավարների ընթացիկ ռեվերանսները նմանվում են «Մյունխենյան գործարքի» նոր՝ «2.0.» տարբերակին։ Անկեղծ լինելու համար ասենք, որ Մյունխենյան գործարքը, երբ «հին Եվրոպան»՝ ի դեմս Ֆրանսիայի և Անգլիայի վարչապետներ Դալադյեի և Չեմբերլենի, հույս ուներ «հանդարտեցնել» Հիտլերին՝ զոհաբերելով Չեխոսլովակիան, ոչ մի արդյունք չտվեց, հակառակը՝ ավելի գրգռեց Հիտլերի ախորժակն ու նրա աշխարհաքաղաքական նկրտումները։ Ինչն արդարացի հանդիմանության արժանացավ Ուինսթոն Չերչիլի կողմից, երբ վերջինս հայտարարեց. «Դուք ընտրեցիք անպատվությունը՝ պատերազմի ու անպատվության միջև, և կունենաք երկուսն էլ»։

Ինչ խոսք, տարածքային զիջումների միջոցով «հանդարտեցնելու» մարտավարությունը կարող է ավելի գրգռել Ռուսաստանի ախորժակը։ Բայց չի կարելի մոռանալ, թերևս, ամենակարևորը՝ ներկայիս Ռուսաստանը կքած է պատժամիջոցների տակ։ Ռուսաստանը նացիստական Գերմանիա չէ, չունի Հիտլերի՝ այն ժամանակվա ամենազարգացած ու հզոր բանակը և ունակ էլ չէ ագրեսիվ ու երաշխավորված առաջխաղացման՝ նույնիսկ ուկրաինական ճակատում։ Եվ ուրեմն, այս փուլում խաղաղության «զոհաբերությունն»՝ ի դեմս ուկրաինական զոհերի, կբավարարի բոլորին, բացի հենց իրենցից՝ ուկրաինացիներից։ Բայց դա էլ արդեն այլ պատմություն է՝ ոչ ներկա պատերազմի, գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի ու հեռանկարների մասին։