Վերլուծություն

Միջանցք լինելո՞ւ է, թե՞ ոչ. տարածաշրջանի բացման ենթատեքստը

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից որոշ ժամանակ անց Շառլ Միշելի մամլո քարտուղարը հանդես էր եկել հայտարարությամբ, որը պարունակում էր որոշ պարզաբանումներ՝ կապված Բրյուսելյան եռակողմ բանակցությունների բովանդակության հետ։ Ուշագրավ են հատկապես միջանցքի ու միջանցքային տրամաբանության մասով առկա պարզաբանումները։ Խոսնակն, ըստ էության, հայտարարում է, որ քննարկման ընթացքում ֆիքսվել է, որ, կապված ենթակառուցվածքների ապագա բացազատման գործընթացի հետ, կողմերը չունեն միմյանց նկատմամբ արտատարածքային պահանջներ։ Սա որոշակի ձեռքբերում է հայկական կողմի համար, սակայն չափազանց ուռճացնել նույնպես պետք չէ։

Միջանցքի հարցը, ի սկզբանե, ոչ թե տարածքային, այլ արդյունավետ վերահսկողության հարց է եղել։ Միջանցքի մասին առաջին հիշատակումը դեռևս նոյեմբեր 9-ի հայտարարությունում է, որի 9-րդ կետում մասնավորապես ասվում է՝ «․․․ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

«Տրանսպորտային հաղորդակցության հսկողություն» եզրույթը չափազանց լղոզված է, և, աշխարհաքաղաքական իրողութուններից ելնելով, դժվար չէ կռահել, որ տվյալ դեպքում այն պետք է կիրառվի բառի հնարավոր ամենալայն հնարավորությամբ։ Որևէ կողմի արդյունավետ հսկողության տակ գտնվող ճանապարհն արդեն իսկ միջանցք է։ Որոշակի ֆիկցիա կա միջանցքային տրամաբանության ու արտատարածքայնության սկզբունքների պարտադիր համադրման միջև։ Միջանցքը կարող է լինել, պայմանական ասած, վերոնշյալ ռուսական տարբերակով՝ որոշակի ուժային կառույցի հսկողության ներքո, բայց չլինել արտատարածքային։

Քարտեզային ու հողի սուվերենության փոփոխման հարցերը պարտադիր չեն՝ իրացնելու համար այն ֆունկցիան, որն ունի միջանցքը։ Տպավորություն է ստեղծվում, թե միջանցքի իրական շահառու կողմերը՝ Ռուսաստանն ու Թուրքիան այդպես էլ չեն կարողանում պայմանավորվել, թե այդ ում կողմից պետք է լինի վերոնշյալ «հսկողությունը»։ Ադրբեջանի կողմից միջանցքի մասին բոլոր հիշատակումները պետք է ընկալել որպես 9-րդ կետի որոշակի փոփոխության փորձ, բայց՝ միայն իրականացնողի մասով։ Փոխարենը, արտատարածքայնության դեմ հայկական ու եվրոպական կողմերի պայքարը ավելի ու ավելի է նմանվում ինքնանպատակ գործընթացի։ Նախ, իրավական առումով՝ արտատարածքայնությունը շատ ավելի դժվար իրականացվող ու մարսվող մեծություն է, և, որ ավելի էական է, ինչպես արդեն ներկայացվեց, չկա նաև դրա կարիքը։

Միջանցքի խնդիրը վերահսկողության խնդիր է՝ Թուրքիա-Ադրբեջան ամենակարճ ճանապարհի և Ռուսաստան-Թուրքիա՝ ռուսների համար այլևս կենսական ճանապարհի վրա։ Եվ այդ վերահսկողության արդյունավետ իրացման համար սահմանային փոփոխություններ բնավ էլ պետք չեն։ Հայաստանն, ըստ էության, որոշակի ժամանակ ունի, քանի ռուս-թուրքական բանակցությունների հարթությունում դեռևս չկա «հսկող»-ի վերջնական դերաբաշխում։ Բայց, հաշվի առնելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական վիճակը, երկրի ներքաղաքական դրությունը ու պետական կառավարման համակարգի սառած ընթացքը, խիստ բարդ է այդ ժամանակն արդյունավետորեն օգտագործելը։ Հարկավոր է նաև արձանագրել, որ այս ձևաչափից կան նաև այլ դժգոհ ուժային կենտրոններ՝ հավաքական Արևմուտք, Իրան, սակայն մինչ այս պահը, առնվազն հանրային հաղորդակցության մակարդակում, չի երևացել փորձ՝ կասեցնելու միջանցքային տրամաբանությունը արտատարածքայինից զատ՝ ֆունկցիոնալ հարթության մեջ։ Ավելին, դրա մասին չի էլ խոսվում։