Վերլուծություն

Ո՞վ է փակելու Էրդողանի «լավության» հաշիվը. Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն

Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին միանալու ցանկության բարձրաձայնումից հետո ուկրաինական ճգնաժամը մուտք գործեց որակապես նոր փուլ։ Ռուսաստանը, պայքարելով ՆԱՏՕ-ի՝ իր սահմանների մոտ տեղակայվելու դեմ, այժմ ստանում է անգամներով «ավելի շատ ՆԱՏՕ» իր սահմաններին։ Երկու երկրների կողմից մեկնարկած գործընթացի հաջողումը կնշանավորի առաջին չեչենական պատերազմից ի վեր Ռուսաստանի խոշորագույն ռազմաքաղաքական ձախողումը։ ՆԱՏՕ-ի զորքերը կհայտնվեն Պետերբուրգից ընդամենը 330 կմ հեռավորության վրա։ ՆԱՏՕ-ն կստանա Ռուսաստանի հետ ավելի քան 1300 կմ-անոց լրացուցիչ սահման։ Եվ պարզապես խամրում են այն հիմնավորումները, որոնցով սկսվում էր պատերազմը Ուկրաինայում։

Այս ամենի ֆոնին Ռուսաստանի համար խաղը փրկում է Էրդողանը։ Ով, նախ, հայտարարեց, որ չի համաձայնվելու ՆԱՏՕ-ին երկու սկանդինավյան երկրների անդամակցությանը, իսկ հետո վետո դրեց «արագ ընթացակարգով» միացման գործընթացի վրա։ Սովորական, թե «արագացված» ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը պետք է ստանա բոլոր անդամ երկրների կոնսենսուսային համաձայնությունը։

Այստեղից սկսվում է դիվանագիտության մեջ Թուրքիայի «աստեղային ժամը»։ Bloomberg-ի տեղեկություններով՝ Թուրքիան պահանջում է ԱՄՆ-ից՝ ներառել իրենց F-35 կործանիչների ծրագրում և չեղարկել S-400 համակարգի գնման հետ կապված առևտրատնտեսական պատժամիջոցները։ Հայտնի է նաև, որ Թուրքիան պահանջ է դրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի առջև՝ սահմանափակել իրենց տարածքում գործող քրդական միավորումների գործունեությունը։

Սրա հետ մեկտեղ, կանխատեսելի է, որ Թուրքիան կփորձի ինչ-ինչ զիջումներ ստանալ նաև ԵՄ-ից և Ուկրաինայից։ Սակայն, եթե Թուրքիայի պահանջած գինը չափազանց մեծ համարվի, ու Թուրքիան ստանա հավաքական Արևմուտքի վճռական մերժումն ու ճնշումը, թուրքական դիվանագիտությունը, վստահաբար, պահած ունի ևս մեկ խաղաքարտ։ Թուրքիան կփորձի վաճառել իր որոշումը Ռուսաստանի վրա։ Ընդ որում, այստեղ խոսքը դժվար թե գնա տեխնոլոգիաների կամ զինատեսակների մասին։ Ավելի հավանական են տարածաշրջանային դերակատարումների ու ազդեցության գոտիների վերաբաժանումները։ Այս առումով՝ խոսքն, անշուշտ, առաջին հերթին գնալու է Հարավային Կովկասի մասին։ Միակ երկիրը, որի հաշվին առկա պայմաններում Ռուսաստանը կարող է անել նմանատիպ զիջումներ, մնացել է Հայաստանը՝ առնվազն իր ներկայացվածության աստիճանի ու տեղական քաղաքական դաշտում ունեցած հենարանների շնորհիվ։ Իսկ ամենահավանական զիջումը, թերևս, Արցախում է։ Առավել ևս, Արցախի պարագայում Ռուսաստանն անգամ ունի ֆորմալ առիթը՝ երեք տարուց ավարտվում է իր խաղաղապահ կոնտինգենտի առաջին ժամկետը։ Հույզերին տուրք չտալու դեպքում դժվար չէ կռահել, որ ՆԱՏՕ-ի հայտնվելը Պետերբուրգից 330 կմ-ի վրա՝ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր հարց է, քան ղարաբաղյան լեռները։

Այս ամենի մեջ, ցավոք, Հայաստանի հնարավոր անելիքները շատ չեն։ Հայաստանի հիմնական հնարավորությունն այն է, որ հավաքական Արևմուտքը կարողանա հասնել Թուրքիայի բռնած դիրքի հաղթահարմանը՝ կա՛մ սեփական զիջումների գնով, կա՛մ էլ՝ ստիպողաբար։ Իսկ հիմնական անելիքն, ինչպես այս, այնպես էլ՝ մնացած անվտանգային ռիսկերի դեպքում, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը գնալն է։ Կարևոր է լավ ըմբռնել մի նրբություն՝ կոնֆլիկտային Հարավային Կովկասը վերարտադրվող ռուս-թուրքական վանդակի տարածաշրջան է։ Ուստի, կոնֆլիկտների չլուծմամբ, որքան էլ պարադոքսալ հնչի և հակադրություն թվա Ֆրանսիայի հրապարակի հռետորների քարոզչությանը, Հայաստանը «այո» է ասում նաև տարածաշրջանի հետագա թրքացմանը։