Վերլուծություն

Ո՞ւր է գնում Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամով

Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն, արդեն տևական ժամանակ է, Ուկրաինայի մասին չեն։ Ըստ էության, տեղի է ունենում Եվրոպայի ռազմաքաղաքական լանդշաֆտի և անվտանգային ճարտարապետության ու, թերևս, ինչ-որ առումով նաև՝ աշխարհակարգի վերանայման փորձ։ Տվյալ դեպքում, հիմնական առճակատումային կողմը և փոփոխություններին ձգտողը Ռուսաստանն է։

Սառը պատերազմի ավարտից հետո նախկին սոցճամբարի երկրները մեկը մյուսի ետևից անդամակցում էին արևմտյան անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին՝ դրանք համարելով սեփական պետության և հասարակության համար լավագույն ճանապարհ։ Ռուսաստանը սա դիտարկում էր որպես սեփական անվտանգության սպառնալիք։ Չունենալով, սակայն, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական համարժեք ու գրավիչ այլընտրանք՝ Ռուսաստանը չէր կարողանում կանգնեցնել այս գործընթացը՝ հետզհետե դուրս մնալով Եվրոպայի տնտեսական, քաղաքական ու անվտանգային համակարգից։ Այստեղ կարևոր է նշել, որ գլխավոր խնդիրը, անկախ քարոզչական ամենատարբեր հնարքներից, Ռուսաստանի գիտատեխնիկական, քաղաքական ու քաղաքակրթական հետամնացությունն է, տնտեսական թուլությունը ու պետական կառավարման համակարգի ավտորիտարիզմը։ Այս ամենը՝ միասին վերցրած, Ռուսաստանին պարզապես գրավիչ չեն դարձնում այլընտրանք որոնող պետությունների համար։ Ռուսատյացության մասին բոլոր խոսակցություններն ունեն առավելապես Ռուսաստանում առկա համակարգի վերարտադրությունը և Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները սպասարկելու նպատակներ։

Ուկրաինան դարձավ այն կետը, երբ Ռուսաստանը, չգտնելով այլ ճանապարհ՝ ապահովելու իր գնահատած հիմնարար անվտանգային շահերի ապահովումը, գնաց ուժային լուծման։ Բայց Ուկրաինայի դեպքում խնդրիը ոչ միայն Ռուսաստանի հիմնարար անվտանգային շահերն են, այլև՝ Ռուսաստանի ինքնըկալումը՝ որպես գերտերություն։ Ռուսաստանը, ծովերին ելքերի, բնակչության, արդյունաբերական հզորությունների ու աշխարհագրության առումով, առանց Ուկրաինայի չունի հնարավորություն՝ վերականգնվելու որպես գերտերություն։ Առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանը կարող է լինել մուլտիռեգիոնալ, բայց ոչ երբեք՝ համաշխարհային տերություն։

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, փաստորեն, իր մեծապետական, կայսերապաշտական նպատակները իրականացնելու ճանապարհին պատրաստ է հարձակվել ու, եթե պետք է, նվաճել հարևան պետությունը։ Դա, ընդհանուր առմամբ, այս կամ այն կերպ բնորոշ է կայսրություններին, այդ թվում՝ արևմտյան։ Թողնելով, սակայն, հարցի հումանիստական, իրավական կամ բարոյական կողմերը, որոնք միջուկային տերության համար հաղթահարելի են, խնդիրը ուժային հարաբերակցությունն է։

Գլխավոր հարցը, որի պատասխանից է կախված դեպքերի հետագա ընթացքը, հետևյալն է՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ էր աշխարհակարգային փոփոխությունների հայտ ներկայացնելուն և հաջողելուն։ Ռուսաստանը՝ տնտեսական կամ գլոբալ քաղաքական ազդեցության մակարդակում, մրցակից չէ Արևմուտքին, թեպետ շատ տեսաբաններ համարում են, որ սեփական շահերը պաշտպանելուն այն դեռևս ունակ է։ Այստեղ կա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր, հանգամանք. Ռուսաստանը միայնակ չէ իր դժգոհություններում՝ կապված գոյություն ունեցող աշխարհակարգի հետ։ Ռուսաստանի նմանությամբ գոյություն ունեցող աշխարհակարգի հետ խնդիրներ ունեն նաև այլ պետություններ՝ Չինաստանը, Իրանը, արաբական որոշ երկրներ և այլն։ Կվերաճե՞ն արդյոք այդ դժգոհությունները համակարգված շարժման։ Արդյո՞ք այդ շարժումը ունակ կլինի ապահովել անհրաժեշտ եռման կետ՝ աշխարհակարգային փոփոխություններ մեկնարկելու համար, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, հենց այս հարցերի պատասխաններից է կախված լինելու անցումային այս փուլի վերջնարդյունքը։

Դե, իսկ բուն Ուկրաինայի թեմայում մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանում գոյություն ունեցող վարչակարգը, անկախ հաղթանակի գնից, այլևս չի զիջելու։ Նախ, դա միանգամից հարցականի տակ կդնի գոյություն ունեցող վարչակարգի հետագա գոյությունը, և երկրորդը՝ կսկսվեն խնդիրներ ինչպես Ռուսաստանի ներսում՝ առանձին միավորների հետ (հատկապես Հյուսիսային Կովկասում), այնպես էլ՝ Ռուսաստանի սահմանների երկայնքով, քանի որ Ռուսաստանը միասնական ու անվտանգ է, քանի դեռ ուժեղ է։

Արեգ Քոչինյան