Երկուշաբթի ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը։ Չնայած միջազգային լարված իրադրությանը՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով, մեծ ակնկալիքներ այդ գագաթնաժողովից, ըստ էության, չկային։ Վերջին շրջանում արտաքին քաղաքական ակտիվ գործունեության շարքում վարչապետի այցը Մոսկվա և մասնակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովին առանձնահատուկ կարևորություն չուներ։
Այդուհանդերձ, հերթական այդ հանդիպումը կարևորվեց Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսանկյունից, որը, անտարակույս, իր մեջ ներառում էր ՀԱՊԿ-ի արդյունավետ կենսագործունեության վերաբերյալ անթաքույց կասկածներ։ Այդ կասկածները լեգիտիմ են, եթե հաշվի առնենք կառույցի բնույթը և հռչակած նպատակները։ Սառը պատերազմի դարաշրջանի ավարտից ու միջազգային անվտանգային ճարտարապետության վերափոխումներից հետո ՆԱՏՕ-ին հակակշռող կառույցի որոնումները ՌԴ-ին, ի վերջո, հանգեցրել էին ՀԱՊԿ-ի ստեղծման գաղափարին։ ՀՀ-ն, մաս կազմելով ռազմաքաղաքական այդ կազմակերպությանը, տրամաբանորեն ակնկալում է, որ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ առկա սպառնալիքների դեպքում կառույցը գործելու է անհրաժեշտ օպերատիվությամբ։ Այս առումով՝ վարչապետը, մասնավորապես, նշել էր. «Արագ արձագանքման հարցը կարևոր է Հայաստանի համար։ Ինչպես գիտեք, անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու՝ ընթացակարգով նախատեսված մեխանիզմները կիրառելու համար։ Ցավոք, կազմակերպությունն այնպես չարձագանքեց, ինչպես ակնկալվում էր»։ Այսինքն, ՀԱՊԿ-ը անհրաժեշտ ընթացակարգերով չի արձագանքել ոչ թե ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը առկա հնարավոր սպառնալիքին, այլ՝ կոնկրետ պետության տարածք ներխուժելու փաստին։ Այս առումով՝ ակնկալիքների նշաձողը կիջնի, եթե հիշենք, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ 2020թ. պատերազմից հետո շտապեցին շնորհավորել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաջողության հասնելու համար։ Շնորհավորանք՝ միևնույն ռազմաքաղաքական կառույցում իրենց հետ միասին անդամակցող պետության հետ առճակատման գործում հաջողության համար։ Սա ի ցույց է դնում ՀԱՊԿ-ի՝ գործնականում մեռյալ մարմին լինելու իրողությունը։
Վարչապետի հաջորդ մեղադրանքը զենքի վաճառքի վերաբերյալ էր. «Մենք երկար ժամանակ բարձրացնում էինք նաև ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրներին զենք վաճառելու հարցը, որն օգտագործվեց Հայաստանի դեմ։ ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, այնքան էլ չուրախացրեց Հայաստանին և հայ ժողովրդին»։ Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի մտահոգության մասին բարձրաձայնում էր անգամ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այդուհանդերձ, այս դեպքում նման արձանագրումը ուշագրավ է՝ միջազգային լարված իրադրության և հավաքական Արևմուտքի կողմից Հարավային Կովկասում նախաձեռնողականության համատեքստում։
Նիկոլ Փաշինյանի ելույթը կարող ենք դիտարկել այլ տեսանկյունից։ Վերջին շրջանում Հայաստանը արտաքին քաղաքական դաշտում ձեռնամուխ է եղել բավականին նախաձեռնողական քաղաքականության իրականացմանը։ ՀՀ վարչապետի և արտգործնախարարի ակտիվ այցերը տարբեր երկրներ և տարածաշրջաններ բազմավեկտոր քաղաքականության իրացման փորձեր են։ Միջազգային լարված իրադրության պայմաններում արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան գլխավոր հրամայականներից մեկն է։ Մոսկվայում հնչեցված խոսքերը Հայաստանի կողմից իր նախաձեռնողական քաղաքականության անուղղակի հիմնավորումն է ՌԴ-ի առջև, չնայած՝ ուղղված էին ՀԱՊԿ-ին։
Ասվածի համատեքստում արդիական է մեկ այլ հանգամանք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի անհրաժեշտությունը։ Դեռևս անցյալ տարի՝ ՀՀ տարածք ներխուժելու շրջանում, ՀԱՊԿ կողմից անհրաժեշտ արձագանքի բացակայության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ հստակ չէ այդ տարածքների իրավական պատկանելությունը։ Դա յուրատեսակ ալիբի ծառայեց ՀԱՊԿ անգործության համար։ Եվ ուրեմն, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնելուց հետո, երբ ՀՀ-ի սահմանները հստակորեն ամրակայված կլինեն, յուրատեսակ քննություն կլինի ռազմաքաղաքական այն կազմակերպությունների՝ գործունակ կամ անգործունյա լինելու առումով, որոնց անդամակցելիս կլինի ՀՀ-ն։ Ի դեպ, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում աներկբա նախաձեռնողականություն է ցուցաբերում Արևմուտքը, ապա անվտանգային ճարտարապետության կառուցարկման հարցում մոդերատորի դերը նրան վերապահելը կարող է փոխշահավետ լինել։ Կարող է, եթե հաշվի առնենք կոնֆլիկտների կարգավորման տարբեր մոդելներով աշխատելու Արևմուտքի փորձառությունը։
Արտակ Խաչատրյան