Հայաստանի նորագույն պատմության մեջ արդեն երկրորդ անգամ նույն մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, օգտագործելով նույն թեման՝ Արցախի «փրկության» հարցը, փորձում են նվաճել իշխանութունը։ Այս մարդիկ, ավելի քան երկու տասնամյակ անց, նորից ստեղծված բախտորոշ վիճակում ծառայում են նույն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնին՝ սպասարկում են բացառապես նրա շահերը, շրջապատված են նրա չեկիստներով ու ազդեցության գործակալներով։ Այս մարդիկ՝ ինչպես 1998թ. պալատական հեղաշրջման ժամանակ, փորձում են խաղալ ժողովրդի հայրենասիրության, ինքնասիրության ու պատմական հիշողության նուրբ լարերի վրա։
Մեթոդական տարբերություններից կարևորն այն է, որ այս երկուսն այժմ չունեն որևէ պաշտոն։ Ունեն հսկայական ունեցվածք, բազմաթիվ «տասովչիկներ» ու աղմկող «բերաններ» (իրավաբաններ, կավէնշիկներ, անձնական օգտագոծման նախկին ՄԻՊ-եր, քաղաքագետներ և այլն), բայց չունեն պետական իշխանություն։ Իսկ սովետական ՊԱԿ-ի «լավագույն» ավանդույթներով դաստիարակված ու մեծացված նշյալ այրերը չգիտեն աշխատել ու գոյատևել քաղաքական դաշտում՝ կիզիչ արևի տակ, առանց պաշտոնի։ Նրանք չգիտեն աշխատել հանրության հետ այլ կերպ, քան պետական գրասենյակից իջեցված կարգադրություններով, իսկ նրանց վարձած «բերանները» չունեն համապատխան «կալիբրը»։
Ավելորդ է ասելը, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, պայքարը որևէ կերպ կապված չէ Արցախի հետ։ Պայքարն ընդամենը փորձ է՝ հարմար պահն օգտագործելով երկրում իշխանությունը նվաճելու ու արդեն սեփական ոճով ընտրություններ կազմակերպելու համար։
Բայց այս ամենը, անշուշտ, կիսատ է թվում՝ առանց արտաքին խաղացողների դերակատարության։ Այս երկուսը միշտ են ծառայել, օրինակ, Ռուսաստանին, և հայրենիքի ընկալման իրենց խեղված գրադացիայում «մենք»-ի ընկալման մեջ միշտ ունեցել ու ունեն «մեծ հայրենիքի»՝ «կայսրության զինվորը» լինելու գաղափարը։ Եվ այսօր էլ իրենց պայքարը համարձակվել են ռեանիմացնել՝ հուսալով այդ «մեծ հայրենիքի» աջակցությանը։
Արդեն հասկանալի է, թե ինչ են ուզում այս երկուսը ու նրանց առաջնորդած խմբերը, եթե կուզեք՝ դասակարգը. արդարադատությունից խուսափել, անօրինականությունները շարունակել ու իրենց «մեծ հայրենիքին» ինչ-ինչ բոնուսների դիմաց ծառայել։ Սակայն այս գործողությունները այլևս մեռնող այս «դասակարգի» վերջին փորձն են։ Ըստ էության, խոշոր բիզնեսը հիմնականում կամ ընդհանրապես չի մասնակցում ակցիաներին, կամ խիստ սահմանափակ ու թաքնված է։ Թերևս, դա նշանակում է, որ երկրում ինչ-որ տեղ ընթանում է դեօլիգարխացիայի գործընթաց։ Իսկ վերադառնալով Ռուսաստանին՝ այս պահին կարելի է առանձնացնել երկու ընթացիկ և մեկ երկարաժամկետ պատճառ, թե ինչու է Ռուսաստանը կարող է որոշել օգնել այս ուժերին: Առաջին՝ արցախյան կարգավորման մոսկովյան և բրյուսելյան գործընթացները այլևս մուտք են գործել մրցակցության փուլ, որը հետագայում, թերևս, վերաճելու է հակադրության։ Մոսկվային անհրաժեշտ է ունենալ բրյուսելյան գործընթացում կառավարելի «արգելակ», որը թույլ չի տա՝ գործընթացը բերել հաջողության կամ, անգամ, որոշակի ճեղքման։ Երկրորդ՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում նշել է, որ Մոսկվա այցելության ընթացքում ՀՀ վարչապետի առաջ դրվել են ինչ-ինչ պահանջներ, որոնք նա հրաժարվել է կատարել։ Եթե այս հայտարարությունն, անգամ մասամբ, ճիշտ է, ապա նույնպես շատ բաներ է բացատրում։
Երկարաժամկետ կտրվածքով հարկավոր է հասկանալ, որ Ռուսաստանը հիմա արագորեն սուզվող նավի է նմանվել։ Ռուսաստանին շատ ծանր ժամանակներ են սպասվում, և Դաշնությունում իշխող «առանձնահատուկ» վերնախավն այդպիսի թուլացած պայմաններում, անշուշտ, կցանկանա Հայաստանի ղեկին տեսնել յուրայինի։
Հայաստանի հասարակությունը այսպիսի բարդ, վտանգավոր և հեղհեղուկ իրավիճակում, ի հեճուկս ամենատեսակ հրահրումների, պիտի պահպանի սառնասրտությունը, չտրվի էմոցիոնալ ու կեղծ հայրենասիրական սադրանքներին։ Իր հերթին, պետական կառավարման համակարգը պիտի տասնապատկի վարչապետի անձնական անվտանգության միջոցառումները, գտնվի առավելագույնս զգույշ և զգոն։ Եթե ընդդիմության համար հայկական ինքնիշխանությունը արժեք չունի, և կարելի է այն մանրադրամ դարձնել՝ իշխանություն ստանալու դիմաց, ապա սթափ ուժերը բախտորոշ պահին վրիպելու բարոյաքաղաքական իրավունք պարզապես չունեն։
Արեգ Քոչինյան