Արդեն մի քանի օր է, ինչ մի քանի տասնյակ ընդդիմադիր ինքնահռչակված երիտասարդներ և մի քանի այլ գրպանային կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձելով նմանակել 2018-ի շարժումը և դրա տեխնոլոգիաները, բողոքի ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Երևանում։
Հնարավոր չէ չնկատել, սակայն, մի պարզագույն տարբերություն՝ այս գործընթացի նկատմամբ հասարակությունն իրեն պահում է բավականին անտարբեր։ Իսկ կոնկրետ փողոցներում իրավիճակը ծիծաղելի կլիներ, եթե այսօրվա տխուր իրականությունում չկատարվեր։ Մի քանի հոգով մեկ րոպեով փակում են Կոմիտասի պողոտան՝ չստանալով, սակայն, որևէ աջակցություն, և, դեռ ավելին, բախվելով հասարակական հակազդեցության հետ, իսկույն անհետանում են։ Երիտասարդները ավելի ուշ վերադառնում են՝ այրվելու համար նախատեսված և, ըստ ամենայնի, հատուկ նյութերով մշակված անվադողերով, սակայն, տեղավորելով դրանք Կոմիտաս պողոտայի վրա, չեն կարողանում այրել ու նորից հեռանում են, իսկ անվադողերը պողոտայից հեռացնում են մոտակա «օպել»-ների վարորդները՝ քթի տակ մրթմրթալով չթարգմանվող իդիոմներ։
Սակայն, ավելի շատ հետաքրքիր են ոչ թե այս ակցիաների ուժեղ կամ թույլ կողմերն ու մեթոդաբանությունը, այլ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, նրանք ինչ են ուզում։ Ինչ քաղաքական պահանջ է դրված, ինչ ծրագիր կա, թե ոնց է ձևակերպվելու և իրացվելու այդ պահանջը։ Ավելի պարզ ասած՝ ինչն է «սկսել», ինչպես գրված էր դաշնակ երիտասարդների կարմիր պաստառի վրա, ու ինչի համար է դա «սկսվել»։
Հիմնական պատրվակն, իհարկե, Արցախն է ու նրա քաղաքական ճակատագիրը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգությունն այլևս ունի նոր ճարտարապետություն, որը հիմնված չէ Հայաստանի և նրա կարողությունների վրա։ Ըստ էության, Հայաստանը չէ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը։ Սա պարզագույն ճշմարտություն է, որից մարդիկ փորձում են խուսափել՝ ջայլամի պես գլուխները հայրենասիրական հողերը խրելով։ Հենց անվտանգության երաշխավորի դերն էր, որ հնարավորություն էր տալիս Հայաստանին՝ տալու կամ չտալու Արցախը, և, ուրեմն, Արցախը տվողն ու չտվողն այլևս Հայաստանը չէ։ Խնդրի մի կողմն էլ այն է, որ, փաստորեն, այդ մարդիկ համոզում են, թե Արցախը իր է, կամ, իրենց քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի քաղաքագիտական բառապաշարից օգտվելով, ճամպրուկ, որը կարող ես ցանկացած պահի տալ կամ չտալ։ Եթե ակցիաների հիմնական պատճառը տալ-չտալու որոշում կայացնողի վրա ցույցերի միջոցով ճնշում գործադրելն է, ավելի տրամաբանական կլիներ դրանք իրականացնել ՌԴ դեսպանատան դիմաց կամ, էկզոտիկայի համար, Մոսկվայում, քանի որ Արցախի բնակչության անվտանգության միակ երաշխավորն այս պահին ռուսական խաղաղապահ զորախումբն է։
Երբ հարցը հասնում է «ինչպես»-ին, իրավիճակն ավելի սյուրռեալիստական է դառնում, քանի որ միակ հոդաբաշխ բացատրությունը, որ «ընդդիմության» հատուկենտ ներկայացուցիչներ կարողանում են արտաբերել, Արցախի կարգավիճակի հարցը ապագային թողնելն է։ Այսինքն, իրենք ուզում են ստանալ իշխանություն՝ հարցը ոչ թե լուծելու, այլ հերթական անգամ սառեցնելու ու սերունդներին թողնելու համար։ Ընդ որում, առանց մտածելու, թե ինչի կհանգեցնի հակամարտության կարգավորման առկախումը կամ սառեցումը։ Ըստ էության, նրան, ինչին հանգեցրել է նախորդ՝ ավելի քան 2 տասնամյակ ստատուս-քվոյից կառչած լինելը. այսինքն, աղետի։
Այս ամենից հետո բանական մարդու ուղեղում կրկին ու կրկին ծագում է միևնույն հարցը՝ ո՞րն է, այդուհանդերձ, այս գործողությունների կազմակերպիչների իրական նպատակը։
Արեգ Քոչինյան