Վերլուծություն

Էլ ի՞նչ ունի զիջելու Հայաստանը Ռուսաստանին

Փաշինյան-Պուտին հանդիպումը ի սկզբանե խոստանում էր լինել ինտրիգային։ Ռուսաստանի՝ օրեցօր վատթարացող միջազգային դրությունը, տնտեսական վիճակը և նվազող հարձակողական կարողություններն անխուսափելիորեն բերելու էին Հայաստանի վրա ճնշումների։ Ճնշումների հիմնական նպատակն է՝ ապահովել ընթացող գլոբալ կոնֆլիկտում կողմնորոշումը և չեզոքության ռազմավարության դադարեցումը։ Թուլացող կայսրությունը կարիք ունի իր առաջնորդած շարքերի «վերադասավորման» և «կուռ կառույցի» գործարկման։ Ընդ որում, ընտրությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև է։ Հայաստանին հիմա պարտադրել «ընտրել», նշանակում է՝ պարտադրել «ընտրել» Ռուսաստանին։

Հայաստանի իշխանությունները ցուցաբերել են քննադատելի անգործություն՝ բանակի կարողությունների վերականգնման և երկու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում։ Անվտանգային խնդիրները ոչ միայն լուծված չեն, այլև նույնչափ անկառավարելի են, ինչպես պատերազմի ավարտի նախորդ օրը։ Սա թերևս Ռուսաստանի համար ամենաձեռնտու զարգացման սցենարն է։ Հայաստանին պահել այնպիսի վիճակում, որ նա չունենա ընտրության հնարավորություն, ավելին՝ չունենա նաև ընտրելու ժամանակ։

Հանդիպման ընթացքում ընդունվեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը։ Այժմ վերոնշյալ պնդումների հիմնավորումների համար անրադառնանք մի քանի կետերի։

9-րդ և 22-րդ կետերը հայտնի չափով խախտում են ուկրաինական վերջին սրացման ընթացքում Հայաստանի ցուցաբերած չեզոքությունը։ Հայաստանը սրանով առաջին անգամ, թեկուզ և մասնակիորեն, բացահայտ աջակցություն է հայտնում Ռուսաստանին։ Այս կետերի իրականություն դառնալը, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղությամբ գործնական քայլերի բացակայության պարագայում, լոկ ժամանակի հարց էր։ Ավելին, այս կետերի տրամաբանական շարունակությունը և Հայաստանի հետագա «բելառուսացումը», նույն միտումների պահպանման դեպքում, ևս՝ լոկ ժամանակի հարց է։ Քանի դեռ կարգավորված չեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ռուսաստանը քարտ-բլանշ ունի՝ Հայաստանի առջև ցանկացած պահանջ դնելու։ Ցանկացած պահանջ ասվածը վերաբերում է ինչպես անվտանգության, Արցախի, տնտեսական ենթակառուցվածքների, միջազգային հարաբերությունների, այնպես էլ՝ խոցված ինտեգրացիոն գործընթացների թեմաներին։

21-րդ կետում արձանագրվում է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունների՝ ռուսական ծիր վերադառնալու անհրաժեշտությունը։ Այս հարցում ևս թուլացող Ռուսաստանը գնացել է ճնշումների և ստացել Հայաստանի աջակցությունը։ Խնդիր է նաև դրված՝ օգտագործել այն ամենը, ինչ հնարավոր է օգտագործել Հայաստանում, այդ թվում՝ Հայաստանի ձայնը ՄԱԿ-ում։

Հայտարարությունը թեպետ չի պարունակում որակապես նոր մակարդակի սպառնալիք ՀՀ ինքնիշխանությանը, բայց դրա ամբողջ տրամաբանությունը կառուցված է այդ ինքնիշխանության հաշվին արվող զիջումների վրա։ Սա հերթական զիջումն էր Ռուսաստանին։ Եվ էական էլ չէ՝ վերջի՞նն էր, թե՞ նախավերջինը։ Կարևոր է ըմբռնել մեր պետության բռնած ճանապարհի ուղղությունը. դա դեպի «ռուսաստանացում» ճանապարհն է։ «Ռուսաստանացման» գործընթացն ավելի քան ռեալ է, այս գործընթացն արդեն մարմին ու ձև է ստացել՝ մոտենալով իր տրամաբանական հանգրվանին։

Անկախության փաստացի կորստի ճանապարհից շեղվելու միայն մեկ հնարավորություն կա. դա Հայաստանի անվտանգային իրավիճակի վերափոխությունն է՝ թեկուզև ցավալի զիջումների գնով։

Արեգ Քոչինյան