Վերլուծություն

Ռուսաստանը լծակ չունի կասեցնելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ուկրաինական պատերազմի առանցքային պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ հետխորհրդային տարածաշրջան թափանցող ալիքներն են, ալիքներ, որոնք ընդհուպ հասան ռուսական սահմաններին՝ նրան մղելով ամենօրյա վախի ու պաշարված ամրոցի հոգեբանության մեջ։

Ուկրաինական հակամարտության բոլոր կողմերը՝ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, հասկանում են, որ պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր՝ ավելի լայնածավալ, էսկալացիա է սպասվում դոնբասյան ճակատում։ Ռուսաստանը, դե ֆակտո, պարտություն կրելով պատերազմի առաջին ռաունդում, հետ է քաշել իր զորքերը Կիևի մարզից՝ վերադասավորման, ուժերի թարմացման ու նոր գրոհ կազմակերպելու համար։

Պուտինյան Ռուսաստանի համար հատկապես առանցքային է Մայիսի 9-ի տոնակատարությունը՝ որպես իշխանության գաղափարախոսության հիմք, որպես Խորհրդային Միության գործի շարունակող, աշխարհը «նացիստներից» ու «ֆաշիստներից» մաքրող, համաշխարհային առաքելությամբ ուժ։ Եվ, բնական է, որ Մայիսի 9-ի զորահանդեսում Պուտինը կցանկանա իսկական, հաղթանակած կայսրին հարիր ռազմական շոշափելի արդյունք ունենալ։ Իսկ այդպիսի հաղթանակի սիմվոլ կարող է դառնալ ռուսական զորքերի կողմից Դոնբասի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուկրաինական «շրջանների» սահմանների ռազմակալումը։ Գոնե այդպիսի զիջումն ընդունելի կլինի ցարական ամբիցիաներով Պուտինի և նրա գաղափարախոսության համար։

Ուկրաինան, իր հերթին, շարունակվում է օր ու գիշեր հազարավոր տոննաներով զինամթերք ու հումանիտար օգնություն ստանալ։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմական աջակցությունը վաղուց հատել է տասնյակ միլիարդների շեմը։ Նպատակը, իհարկե, պարզ է՝ ամեն ինչ անել, որ Ռուսաստանը «թաղվի» Ուկրաինայում, ինչպես ԽՍՀՄ-ը՝ Աֆղանստանում, և ԱՄՆ-ն՝ Վիետնամում։ Ուկրաինայի պատերազմական հաջողությունից է կախված թե՛ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի «տատանվողների» վերջնական դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման, ռազմական ծախսերի ավելացման ու ավելի ինտեգրման հեռանկարներում։ Վերջիններս, նախևառաջ, բխում են ԱՄՆ տնտեսական, քաղաքական ու մշակութային հեգեմոնիայի շահերից։ Այս դիտանկյունից, ահա, երկարաձվող ու անհեռանկար պատերազմը, շարունակվող ավերածություններն ու Ռուսաստանի անկանխատեսելիությունը դրդեցին եվրոպական մայրցամաքի «չեզոքներին»՝ վերանայել իրենց քաղաքական հայեցակարգերն ու խաղաղասեր օրակարգերը։ Խոսքն, այս դեպքում, Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ հնարավոր անդամակցության հայտերն են ՆԱՏՕ-ին։

Ֆինլանդիան և Շվեդիան, վաղ, թե ուշ, կմիանան ՆԱՏՕ-ին։ Նրանց անդակամցության դիմումներն ու քաղաքական պրոցեսները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել, և կան մի շարք պաշտոնական ընթացակարգեր, որոնք պետք է արվեն, սակայն լայն քաղաքական կոալիցիաները՝ այդ երկրների խորհրդարաններում, ու հանրային աջակցությունը արդեն տեսանելի են անզեն աչքով:

Սկանդինավյան երկու երկրները որոշել դիտարկել ու մոտ ապագայում միանալ ՆԱՏՕ-ին՝ երկու հիմնական պատճառով. Առաջին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անհիմն» հարձակումը ցույց տվեց, որ նրա հարևանների անվտանգությունը երաշխավորված չէ, հետևաբար, նրանք պետք է տեղավորվեն Ռուսաստանից անկախ անվտանգության համակարգում: Իսկ այդպիսի համակարգ միայն ՆԱՏՕ-ն է։ Երկրորդ՝ այն փաստը, որ ռուսական բանակը պարտվեց Կիևի ճակատամարտում և դեռևս չի կարող հաղթահարել ուկրաինական բանակի դիմադրությունը՝ չնայած պատերազմին երկար տարիներ պատրաստվելուն և կենդանի ուժով ու տեխնիկայով գերազանցելուն, ցույց է տալիս, որ այս պահին Ռուսաստանը չի կարող կանխել Շվեդիային և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։

Կարող է թվալ, որ Ֆինլանդիան և Շվեդիան՝ չեզոքության շատ տարբեր պատմություն ունեցող երկրներ, 70 տարի չեն միացել ՆԱՏՕ-ին, քանի որ վախենում էին Ռուսաստանից: Սակայն, կարելի է պնդել ճիշտ հակառակը՝ նրանք չէին միանում ՆԱՏՕ-ին, քանի որ չէին դիտարկում Ռուսաստանը՝ որպես իրական սպառնալիք: Սեփական բանակները, գումարած միջազգային հանրության օգնության երաշխիքները և, միաժամանակ, Ռուսաստանի հետ լավ առևտրային հարաբերությունները, թվում էր, թե բավական էին՝ Ռուսաստանին «բարեկամացնելու» ու նրանից վտանգ չսպասելու համար։

Այնուամենայնիվ, 2022 թվականը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Ուուսաստանը անկանխատեսելի ու անզսպելի ուժ է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի լավ պաշտպանության համակարգ՝ հնարավոր ավերածություններից ու ռիսկերից խուսափելու համար: Ռազմական ծախսերը, ամեն դեպքում, պետք է ավելացվեն, ամեն դեպքում, անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն հարևանների հետ, և այս տրամաբանությունից բնականորեն բխում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հրամայականը։ Իսկ պահն առավել քան տեղին է. Ռուսաստանը ոչ մի լծակ չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ կոմերցիոն, պատժելու այս երկրներին՝ իրենց այդ որոշման համար։

Մյուս կողմից ՆԱՏՕ-ի կազմում Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդգրկումը չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը։ ՆԱՏՕ-ի գոյության 70 տարիների ընթացքում Ռուսաստանի վրա հարձակումներ կամ սադրանքներ այս երկրների տարածքից չեն եղել։ Չնայած Ֆինլանդիան շատ երկար սահման ունի Ռուսաստանի հետ՝ դա առանձնապես առավելություն չի տալիս՝ սահմանի գրեթե ողջ երկարությունը անանցանելի է և սակավաբնակ։ Նորվեգիայում և Էստոնիայում ՆԱՏՕ-ի բազաները դեռ ավելի մոտ են Ռուսաստանին, և նրանց բազաները՝ ավելի ստվարածավալ, լավ զինված ու մարտական, քան Ֆինլանդիայի հնարավոր ռազմական հենակետերը: 

Ի վերջո, Ռուսաստանի պարտությունը ուկրաինական պատերազմի առաջին ռաուդում, նոր «Աառը պատերազմ 2.0» ֆորմատն ու ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումը միայն ավելի կխորացնեն Ռուսաստան-Արմուտք հակասությունները՝ տասնամյակներ հետ մղելով խաղաղության ու համագործակցության նվազագույն իսկ հնարավորությունները: