Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սպասվող գործընթացների վերաբերյալ, լայն քննարկումների տեղիք տվեց քաղաքական դաշտում։ Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանի ղեկավարն առաջին անգամ էր խոսում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում իրերի իրական դրության մասին՝ մի կողմ թողնելով «հայրենասիրական պաթոսը»։ Փաշինյանի տեքստում կարևոր բաղադրիչը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ շեշտադրումն էր և հայ հանրության ակնկալիքների ու իրերի իրական վիճակի արձանագրումը։
Նիկոլ Փաշինյանի տեքստն, ըստ էության, առաջին նախագահի խոսքերի հետահայաց ճշմարտացիության արձանագրումն էին։ Տեր-Պետրոսյանի այն խոսքերի, որ ժամանակն աշխատում է՝ ի վնաս Հայաստանի, և մասը զիջելով՝ կարելի է պահպանել մնացյալը, ու ամբողջը պահելու մաքսիմալիզմով կորցնելու ենք ամբողջը։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը արձանագրում է՝ միջազգային հանրությունը ակնկալում է, որպեսզի Հայաստանը «մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի՝ իր նշաձողը»։ 1998-2020թթ. հայ հանրությանը շարունակաբար քարզչական տեքստերով ու գավառական հայրենասիրությամբ կերակրելով՝ հայտնի շրջանակները լղոզել են այդ նշաձողի վերաբերյալ հայ հանրության ընկալումների սահմանները՝ իրական-հնարավորի և անիրական-ցանկալիի խաչմերուկում։
Իսկ որո՞նք էին մեր հանրության ակնկալիքները՝ կարգավիճակի առումով։ Ըստ էության, հայ հանրության շրջանում այդ ակնկալիքները պարփակված էին 1988-1991թթ. մտայնությունների ծիրի մեջ։ Դրանք հիմնականում երկուսն էին՝ միացում Հայաստանին կամ ԼՂ անկախություն։ Պայմանավորված արտաքին քաղաքական հարթակում մանևրելու անհրաժեշտությամբ՝ հռչակվեց ԼՂ անկախությունը, որը, սակայն, մնաց միջազգայնորեն չճանաչված։ Սա պահի հրամայականով կատարված իրողություն էր, որ հետայդու ձևախեղված կերպով սկսեց ամրապնդվել հասարակական գիտակցության մեջ։ Թե՛ միացումը ՀՀ-ին, թե՛ անկախության հասնելու պատկերացումները տարամիտվում էին միջազգային քաղաքական իրողությունների հետ։ Իսկ ՍՍՀՄ փլուզումից հետո միջազգային քաղաքական դերակատարների մոտեցումը նորանկախ պետությունների ճանաչումն էր՝ այն սահմաններով, որոնք նրանք ունեին՝ ՍՍՀՄ կազմում լինելով։
Միջազգային հանրության մոտեցումները՝ նորանկախ պետությունների սահմանների ճանաչման մասով, պայմանավորված էին նրանով, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ի մաս կամ անկախ ճանաչելով՝ բացելու էր պանդորայի արկղը։ Այդ դեպքում առաջ էր գալու նախկին ՍՍՀՄ տարածքում առկա բազմաթիվ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում ցուցաբերելու հրամայական՝ տարբեր տարածաշրջաններում ստեղծելով «եռացող կաթսաներ»։ Այդ համատեքստում միջազգային հանրության համար ընդունելի ձևաչափը միջանկյալ կարգավիճակն էր՝ անլուծելի թվացող հարցը հետաձգելով «ավելի լավ ժամանակներում լուծելուն»։ Ավելի բարձր կարգավիճակ բանակցային պրոցեսում, ըստ էության, գոյություն չի ունեցել։ Տասնամյակներ անց պլեբիսցիտի կիրառման հավանականնությունն, անգամ, Արցախին անկախություն չէր խոստանում։ Ի դեպ, կարգավիճակը ապագայում քննարկելու հարցն այսօր էլ դրվում է միջազգային հանրության կողմից, մասնավորապես, այդ մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Եվ, ուրեմն, Փաշինյանի ելույթն այն մասին, որ միջազգային հանրությունը ակնկալում է կարգավիճակի նշաձողի իջեցում հայկական կողմից, նոր բան չէ։ Դա ակնկալիքները ռեալ-պոլիտիկի դաշտ բերելու տեքստ էր։ Տեր-Պետրոսյանի՝ իրատեսական և, 30-ամյա կտրվածքով, ամենաշահավետ կարգավորման տեսլականի վիժեցումից հետո ստատուս քվոյի պահպանման օգտին վարվող քաղաքականությունը հեռացնում էր հայկական կողմի համար նվազ կորուստներով ընկալելի կարգավորման հնարավորությունը։ 2020թ. պատերազմը, սակայն, ամբողջապես միֆազերծեց այս հարցը՝ կամա, թե ակամա ռացիոնալ մարդկանց համար հանգելով ակնկալիքների փոփոխման հրամայականին։ Այս առումով, վարչապետի ասածը նաև այլ ուղերձ էր պարունակում։ Հայկական կողմի ակնկալիքները չեն կարող մնալ այնպիսին, ինչպիսին էին մինչև 2020թ. պատերազմը։ Մինչ պատերազմը՝ ԼՂ անվտանգության երաշխավորը և կարգավիճակի համար բանակցողը ՀՀ-ն էր։ Պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությունում, լինենք անկեղծ, Հայաստանը չի հանդիսանում ԼՂ անվտանգության երաշխավորը։ Անվտանգությունն ապահովում են անվտանգության գործիքերով՝ ուժային միջոցներով, որի հնարավորությունն ու միակ ընդունված մանդատն ունի ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը։ Հետևաբար, հայկական կողմի ակնկալիքների անփոփոխությունը ստեղծում է սեփական հնարավորությունների և քաղաքական իրողությունների տարընկալում։
Ըստ էության՝ «կարգավիճակի նշաձողի իջեցում» ասելով կարելի է հասկանալ հայկական միջավայրի կողմից իրավիճակի սթափ գնահատում, մաքսիմալիստական դիրքավորումից հրաժարում և սեփական հնարավորությունների իրատեսական գնահատում։ Հակառակ պարագայում՝ ճանապարհը տանում է հետագա լարվածության, դրա խորացման և նորանոր աղետների, ինչը կարող է արդեն Հայաստանի համար հղի լինել գոյութենական նոր սպառնալիքով։
Արտակ Խաչատրյան