Վերլուծություն

Լավրովը Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությունը բացառեց նաև Լեռնային Ղարաբաղում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հանդիպումն առանձնացավ ուշագրավ դրվագներով և ուղերձներով։ Հատկապես նշանակալից էր Լավրովի վերաբերմունքը ինչպես Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքին։ Բրյուսելյան հանդիպումից հետո գնդակը գտնվում էր ՌԴ դաշտում, և վերջինիս արտահայտած դիրքորոշումից ու ուղերձներից պարզ էր լինելու՝ արդյո՞ք Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումը կարող է նախանշել ՌԴ-ի և Արևմուտքի հնարավոր համագործակցությունը գոնե Հարավային Կովկասում՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ ՌԴ ԱԳ նախարարը, սակայն, սթափեցրեց հույսով լցված վերլուծաբաններին՝ գոնե առերևույթ տեղ չթողնելով նման հնարավորության համար։ Լավրովը անթաքույց, նույնիսկ տուրք չտալով դիվանագիտական ձևակերպումներին, ցուցաբերեց խանդոտ վերաբերմունք՝ ԼՂ խնդրում Արևմուտքի նախաձեռնությունների նկատմամբ։

Ուշագրավն այն է, որ Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գործունեության անհնարինության մասին բարձրաձայնում է հայ պաշտոնակցի հետ հանդիպմանը՝ կամա, թե ակամա կրկնելով Իլհամ Ալիևի՝ ոչ մի անգամ հայտարարած միտքը, որ Մինսկի խմբի անհրաժեշտություն արդեն չկա։ Այս կետում Լավրովի և Ադրբեջանի դիրքորոշումները, կարծես, համընկնում են։ Իհարկե, ՌԴ արտգործնախարարը փորձում է իր դիրքորոշման ալիբին փնտրել Արևմուտքում՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ նաև Մինսկի խմբի ձևաչափում։ Լավրովի միտքը հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ՌԴ-ի բացառումը Մինսկի խմբից հարվածում է առաջին հերթին հայկական կողմի շահերին։ Ինչ խոսք, ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերում ՌԴ-ն ունի կարևորագույն դերակատարում՝ դրանց արմատներում կանգնած և հետագա զարգացումների ուղեկիցը լինելով։ Այդուհանդերձ, 2020թ. պատերազմից հետո ՌԴ միջնորդությամբ կայացած հանդիպումների և պայմանավորվածությունների արդյունքներն առայժմ շոշափելիորեն տեսանելի չեն։ Դեռ ավելին, Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող գոտում վերջին ամսվա զարգացումները թույլ են տալիս կասկածել առաքելության արդունավետությանը։ Եվ սրա ֆոնին այնքան էլ համոզիչ չեն Լավրովի արտահայտություններն այն մասին, որ ՌԴ-ին հակամարտության կարգավորման նախաձեռնություններից դուրս դնելը կվնասի հայկական շահերին։

Բրյուսելյան հանդիպումը, ըստ էության, չդարձավ Հարավային Կովկասում ՌԴ-ի և Արևմուտքի կոնսեսուսի հնարավոր մեկնակետ, թեպետ, սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հատվածում հղում էր արվում Սոչիի՝ 2021թ. նոյեմբերի եռակողմ հանդիպմանը։ ՌԴ-ն խանդոտ արձագանքով չեզոքացրեց Հվ. Կովկասում Արևմուտքի հետ համատեղ աշխատանքի՝ թեկուզ չնչին հնարավորությունը, որը կարող էր հետագայում այլ տարածաշրջաններում լարվածության օջախների մարման ուղղությամբ փոխգործակցության յուրատեսակ մոդել ծառայել։

Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Լավրովի հայտարարությունները հերքելու համար Երևան ժամանեց ՄԽ ֆրանսիացի համանախագահը, առաջիկայում սպասվում է նաև ամերիկացի համանախագահի այցը։ Հետաքրքրական է նաև ՀՀ արտգործնախարար Միրզոյանի արձագանքը Լավրովին, որ հայկական կողմը մի փոքր այլ ուղերձներ է ստանում ՄԽ գործունեության վերաբերյալ։ Այս անդրադարձով Միրզոյանը, կարծես, ցույց տվեց, որ հայկական կողմը շարունակում է հավատալ ՄԽ ձևաչափի արդյունավետությունը և ողջունելու է դրա ակտիվացմանն ու հետագա դերակատարմանն ուղղված ջանքերը։

Ստացվում է յուրատեսակ վերադասավորում։ ՄԽ վերաբերյալ դիրքորոշումները լակմուսի թուղթ են դառնում տարածաշրջանային զարգացումներում։ Այդ հարցի վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը հարում է Ադրբեջանի մոտեցումներին, իսկ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների այցը Երևան մերձեցնում են հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի և Արևմուտքի պատկերացումները։  Բնականաբար, Արևմուտքը ՄԽ ձևաչափի ակտիվացման փորձերով ապահովում է իր ներկայությունը տարածաշրջանում՝ այն ՌԴ և Թուրքիայի մենաշնորհի ներքո չթողնելու համար, քանի որ լավ գիտի Էրդողանի՝ ինքնուրույն քաղաքականություն վարելու գործելաոճը, իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Արևմուտքին պետք չեն նոր խնդիրներ հարևան տարածաշրջաններում։

Արտակ Խաչատրյան