Վերլուծություն

Իսկ Մինսկի խո՞ւմբը. նեկրոլոգ՝ առանց քաղաքավարության

Այդ բանը պետք է տեղի ունենար. արդեն՝ որերորդ անգամ։ Բոլորը պետք է աջակցեին, ոմանք՝ անգամ աղոթեին, Ֆրանսիան ցավար, Ամերիկան հույս հայտներ, Բրիտանիան... դե, Բրիտանիան, ոնց որ միշտ, առավելապես բարձրաձայն լուռ էր։

Բայց խնդիրը շատ պարզ էր. Մինսկի խմբի անգործունակության մասին հայտարարություններ նույնիսկ պետք չէին։ Չէ՞ որ նոյեմբերի 9-ի համաձայնությունը եռակողմ էր, մյուս հայտարարությունները՝ նույնպես, ու, ընդհանրապես, մեր տարածաշրջանում ամեն ինչ եռակողմ է, գոնե՝ թղթի վրա, իսկ իրականության մեջ, գիտենք, միակողմ։

Վիլայե՞թ, թե՞ գուբերնիա, գուբե՞րնիա, թե՞ վիլայեթ։ Իսկ գուցե՝ մահա՞լ։ Ցավոք, երկընտրանքի ռահվիրաները աչքի տակով էին պատմություն սերտել, իրենց կարդացած պատմությունն էլ մի բանի նման չէր, երրորդի մասն էլ քնահարամ էին անցկացրել։ Չգիտեին, որ վիլայեթի ու գուբերնիայի արանքում էնքա՜ն տարբեր բաներ են եղել։ Դժգոհություն կա՞. չխորանանք։

Եվ, ուրեմն, այդ բանը պիտի կատարվեր. Լավրո՞վը պիտի հայտարարեր, որ իմանայինք։ Ավելին, Լավրովի ասածն էլ բանի տեղ չդրեցինք, թե՝ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները գալիս են Երևան։ Կարծես՝ որ նրանք գալիս են, Մինսկի խումբ կա։ Մինսկի խումբը երեք մեծ տերությունների ձևաչափն է, այն աշխատում ու չի աշխատում միայն այդ երեքի համաձայնության դեպքում, իրենց ուզելով։ Հիմա եթե Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահը չի շփվում ռուս համանախագահի հետ, խմբի էլ ի՞նչն է աշխատում։ ԱՄՆ-ում, օրինակ, երբ բյուջեն Կոնգրեսն ու նախագահը չեն կարողանում համաձայնեցնել տարվա վերջին, կառավարությունը հայտարարվում է փակված՝ shut down, պետական աշխատողները գնում են տուն այնքան ժամանակ, քանի դեռ բյուջեի հարցում նախագահն ու Կոնգրեսը չեն համաձայնվում։ 

Հիմա մեր Մինսկի խումբն է։ Անկախ նրանից, թե որ համանախագահն է միայնակ գնում Երևան, Բաքու, Ուլան Բատոր, եթե նրանք երեքով չեն աշխատում ու երեքով չեն համաձայնեցնում միջնորդական առաքելությունը, ուրեմն Մինսկի խումբ չկա։ Իսկ մենք քաջ գիտեինք Լավրովի ասածը, բայց չէինք ուզում հավատալ, թե գիտենք։ Իսկ Լավրովը շատ բաց է խոսել՝ անգամ մոռանալով իր դիվանագիտական կարգավիճակն ու լեքսիկոնը. «Մինսկի խումբ չկա, մեզ հետ այդ պարտնյոր կոչվածները չեն ուզում շփվել, իսկ քանի որ մեր պարտնյոր կոչվածները, հանուն մեր հանդեպ ատելության, թքած ունեն ձեզ՝ հայերիդ վրա, մենք էլ, առանձնապես, ձեր մանր ժառանգական հարցերի ժամանակն ու հոգսը չունենք»։

Իսկ ինչ էինք մենք՝ հայերս ուզում. տվե՞լ ենք արդյոք այդ հարցը մեզ։ Չէ,  պատասխանների առկայությունը հարցի գոյության ապացույց չէ։ Պատասխանները, մեծ հաշվով, թափառում են դարերով. ուզում ենք Մեծ Հայաստան՝ Արցախով, Կարսով, Մասիսով ու էլի մի քանի երգեցիկ անուններով, մի քանի հարյուր հազար քառակուսի կիլոմետրով ու մի քանի ջվալ ցորենով, դրսի ծառայություններից անխափան ռոճիկի փոխանցումով, դրոշ այրելուն հարմար էժան, բայց որակով բենզինով, եկամտահարկի հիպոթեքով, սուբսիդավորված պարարտանյութով, ձրի աշնանացանով ու էլի ուրիշ մի վեց-յոթ բանով։ Իսկ հարցն այդպես էլ չէինք տվել այն կարծեցյալ մտահաստատումով, թե պատասխանը գիտենք, հարցն այլևս պետք չէ։

Իսկ իրականում, դժբախտաբար, ոչ մի բան էլ չգիտեինք, ոչ մի պատասխան էլ չունեինք, եղած պատասխանին էլ հավան չէինք, թե՝ միակ պատասխանը վիրավորում է հորս պապի պատմական կարոտախտը Արդահանի հանդեպ, և որ էդ պատասխանին կգանք, երբ հարկադրված կլինենք։ Թե պարտադրվածի ժամանակ ինչ է լինում, արդեն բազմիցս ասել են դասականները։ Մենք էլ տեսանք, բայց լսող չկար, որովհետև «պոկերի» սեղանին նստել, «դուռակ» ենք խաղում, դա էլ դեռ քիչ է՝ մի հատ էլ «բլեֆ» ենք անում։ Անշուշտ, «բլեֆն» էլ համեմված պատմական հայրենիքի ու մարդու իրավունքների «բոշերով», ֆիդայական հայրենասիրությամբ ու նժդեհյան ոգու որոտընդոստ ճախրանքով, իհարկե, Հայաստանից հեռու մի տաքուկ ծվարանում՝ կանադաներից, ամերիկաներից ու այլ՝ հույժ նախանձելի երկրներից։

Աղասի Մարգարյան