Տիտղոսային ընդդիմությունն իր համար նոր զբաղմունք է գտել. այս օրերին զբաղված են դրոշակռվով։ Դրոշային պատերազմի մի կողմում ԱԺ «Հայաստան» խմբակցությունն է, մասնավորապես՝ ՀՅԴ ներկայացուցիչները, մյուս կողմում՝ «Սասնա Ծռեր» կուսակցությունը, որի ներկայացուցիչների զգալի մասը, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում նույն ՀՅԴ անդամ էին։
ՀՅԴ-ականները ապրիլի 5-ի հանրահավաքից հետո Հայաստանի տարբեր բնակավայրերում Արցախի դրոշն են տեղադրում՝ որպես հայրենասիրության առհավատչյա, Սասնա ծռերն էլ ընդդիմանում են, թե Հայաստանն ու Արցախը մեկ են, հետևաբար՝ մեկ դրոշ պետք է լինի, և ներկում են Արցախի դրոշը։ Բանը հասել է նրան, որ Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, դրոշի մոտ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
Կարճ ասած՝ տպավորություն է, թե Հայաստանի ամենամեծ խնդիրն այսօր հարցն է, թե որտեղ պետք է տեղադրվի Արցախի դրոշը, կամ պետք է տեղադրվի առհասարակ, թե ոչ։ Համենայն դեպս, ընդդիմադիրների մի հատվածն այդ թեման փորձում է գեներացնել՝ ներկայացնելով որպես ներքաղաքական օրակարգի դիսկուրս ու համառ պայքարելով այդ ամենի համար։
Ու այս թեմայի շուրջ որքան շատ են լարվում կրքերը, այնքան ավելի է երևում կատարվածի սնանկությունը։ Ի վերջո, երբ պետականության առջև ծառացած մարտահրավերներին ընդառաջ՝ քաղաքական դաշտն իրենց աղմուկով լցրած ուժերի մոտ գործնական լուծումների սով է, մնում է պարզապես իրար կոկորդ կրծել ու անհաշտ պայքար մղել խորհդանիշների համար։
Իսկ ներկա ու նախկին ՀՅԴ-ականների մոտ գործնական լուծումների սովը վաղուց է. նրանց գործողությունները, վարած քաղաքականությունը, առանց չափազանցության, վաղուց ի վեր զուրկ են որևէ բովանդակությունից, տրամաբանությունից ու ռեալ-պոլիտիկից։ Ի վերջո, նույն «Հայաստան» խմբակցության (այդ թվում՝ ՀՅԴ) ներկայացուցիչները ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանն էլ զբաղված էին ոչ թե կարևոր հարցերի բարձրացմամբ, այլ Միրզոյանին «հավատաքննության» ենթարկելով՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ լուսանկարվելիս ժպտալու համար։
Ձև՝ առանց բովանդակության։ Նույնը հիմա է. այս վիճակում մնում է ապավինել ծիսական ատրիբուտներին՝ դրանք մղելով առաջին պլան ու պայքարելով դրանց համար։ Մանավանդ, որ այդ կուսակցությունն առանձնահատուկ թուլություն ունի դրոշների հանդեպ, հատկապես՝ նախանձախնդիր են հիշատակի օրերին հակառակորդ պետությունների դրոշներն այրելու հարցում։ Գործողություն, որը, մեղմ ասած, ոչինչ չի տալիս՝ բացի հերթական անգամ կեցվածք ընդունելուց և քաղաքական ինքնաբավարարումից։
Մանկապարտեզի մանկամսուրային խմբի երեխաների կռիվ հիշեցնող այս դիպվածին չէինք անդրադառնա, եթե Հայաստանն այսօր կանգնած չլիներ լրջագույն մարտահրավերների առաջ, և եթե այսօրվա խնդիրների մեջ իր մեղքի մեծագույն բաժինը չունենար նույն ՀՅԴ-ն՝ որպես երբեմնի իշխանության մաս ու ոչմիթիզականության գաղափարախոսության ռահվիրա։
Հիմա՝ այս համազգային աղետից հետո, սթափվելու և հետևություններ անելու փոխարեն նրանք այլ գործով են զբաղված։ Պարզ է՝ փորձում են չընդունել իրականությունը, ու կատարվածը ուշադրություն շեղելու համար է, որ փորձում են Հայաստանով մեկ դրոշակռիվ սանձազերծել և դրոշ տեղադրելը ներկայացնել որպես հայրենասիրության դրսևորում։
Արման Գալոյան