Վերլուծություն

Հայաստանի սահմանները երևո՞ւմ են Բրյուսելում

Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները կարևոր տեղաշարժ արձանագրեցին վերջերս տեղում դոփող բանակցային գործընթացում։ Ամենակոնկրետ ու կարևոր ձեռքբերումը, թերևս, պայմանավորվածությունն է՝ մինչև ապրիլի վերջ սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին։

Կարող է տպավորություն ստեղծվել, թե սա շատ ավելի խոշոր թվացող խնդիրների կողքին ավելի փոքր հարց է, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Մինչդեռ սահմանազատումը, իսկ հետո նաև՝ սահմանագծումը, իրավական տեսանկյունից անհամեմատ ավելի խնդրահարույց կդարձնեն Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հնարավոր խախտումներն ու դրա երկայնքով իրականացվող սադրանքները։ Մինչ այս պահը Ադրբեջանը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ ոտնձգությունները կատարելիս, դրանք արդարացրել է սահմանային անճշտություններով և վեճերով։ Բայց եթե միլիմետրերով հստակեցվում է սահմանը, հայտնի չափով նվազում են նաև Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա առկա ճնշումը ու վտանգները։

Ընդ որում, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործում, բացի այս գործընթացներից, նախատեսվում է նաև օբյեկտիվ վերահսկողության մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան 24/7 սկսզբունքով, տեխնիկական միջոցների ներգրավմամբ, իրականացնել սահմանի մոնիտորինգ։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում եվրոպացի մասնագետների ներգրավումը հույս է արթնացնում, որ գործընթացը կլինի իրավական, այլ ոչ՝ քաղաքական։ Քաղաքական գործընթացն, ըստ էության, երաշխավորված էր, եթե այն իրականացվեր միայն ռուս մասնագետների ներգրավմամբ։ Մոտավոր նախնական հաշվարկով՝ այս ամենը՝ մասնագետների ներգրավում, բուն գործընթաց, օբյեկտիվ վերահսկողության մեխանիզմների ներդրում և շահագործում, կարժենա ավելին քան 1,5 միլիարդ եվրո։ Այս առումով՝ շատ ակտուալ են դառնում այս գումարի տրամադրման հարցով առանձին բանակցությունների ակտիվացումը ԵՄ կառույցների ու որոշ անդամ երկրների հետ։

Հանձնաժողովի մանդատի համաձայն՝ այն պետք է «սահմանի երկայնքով և մերձակայքում կայուն ու անվտանգ իրավիճակ» ապահովի։ Եթե հանձնաժողովին հաջողվի այս առաջնային խնդրի լուծումը, գործընթացի հետագա զարգացման համար բավականին իրատեսական հնարավորություններ կբացվեն։ Համապատասխան ֆինանսական միջոցների, տեխնիկական կարողությունների, որակյալ մասնագետների ու, որ ամենակարևորն է, քաղաքական կամքի առկայության պարագայում սահմանազատման ու սահմանագծման գործընթացները կարող են իրականացվել բավականին արագ՝ ընդհուպ մինչև երկու տարվա ընթացքում։

Գործընթացի հաջողության պարագայում՝ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն քննարկեն ՀՀ մյուս բոլոր հարևանների հետ նմանատիպ գործընթաց իրականացնելու հնարավորությունները։ Նման գործընթացներն այլևս իրականություն կդարձնեն վարչապետ Փաշինյանի հայտնի խոսքերը՝ «Հայաստանը պետք է լինի մինչև միլիմետր հստակ տարածք՝ հստակ սահմաններով»։ Նման Հայաստանն անհամեմատ ավելի անվտանգ երկիր կլինի՝ միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները որպես պաշտպանիչ վահան ունենալով, որը հնարավորություն կտա՝ աշխատել պետության անվտանգային մյուս խնդիրները լուծելու ուղղությամբ։ 

Արեգ Քոչինյան