ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը լրջորեն փոխել է Արևելյան Եվրոպայում ստեղծված իրադրությունը։ Ռուսաստանը գնդակը նետել է արևմուտքի դաշտ, որի արձագանքը թերևս պատժամիջոցներից ավելի չի բարձրանալու։ Կարծես կրկնվում է 2008թ. վրացական սցենարը, երբ Արևմուտքը սոսկ սահմանափակվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով և Վրաստանին ռեալ աջակցություն չցուցաբերեց։ Ռուսաստանն իր հերթին տիրացավ կոնկրետ տարածքների, խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը և մտավ Արևմուտքի հետ սաստիկ դիմակայության մեջ։ Վերջինս հանգեցրեց աշխարհաքաղաքական փոփոխությունների ինչպես Արևելյան Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում՝ դրսևորվելով Ռուսաստանի տարածաշրջանային առաջնահերթությունների փոփոխությամբ և դրանցից ուղիղ կախվածություն ունեցող պետությունների համար անդառնալի հետևանքներով։
Այժմ Ռուսաստանը կրկին կանգնած է աշխարհաքաղաքական մարտահրավերների և տարածաշրջանային նոր զարգացումների առաջ, և փորձում է մարտահրավերի արձագանքողից վերածվել մարտահրավեր նետողի։ Սա խոսում է Ռուսաստանի քաղաքական ակտիվության և ագրեսիվության մասին, որին արևմուտքը պատասխանում է ոչ էական ու ոչ առարկայական պատժամիջոցներով։ Նկատի ունենալով արևմուտքի հետ հարաբերությունների ներկայիս տրամաբանությունը և 2007թ. սկսած աշխարհակարգի վերաձևման ընթացքը՝ ՌԴ նախագահ Պուտինը Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման աղաղակող գործողությամբ աշխարհաքաղաքական նոր գամբիթ է մեկնարկել։ 2008թ. վրացական ճգնաժամում Պուտինը ռեալիզացրեց 2007թ. մյունխենյան իր ճառի հիմնական խնդիրը՝ պարտադրել Արևմուտքին հաշվի նստել Ռուսաստանի անվտանգային շահերի հետ։ 2015թ. Ռուսաստանը հաջորդ խոշոր գործողությունը ձեռնարկեց՝ մխրճվելով Մերձավոր Արևելքի ճգնաժամում և պարտադրելով արևմուտքին՝ որոշումների կայացման հարցում հաշվի նստել ռուսական կողմի հետ։ 2020թ. Ռուսաստանը փրկեց Բելառուսի ռեժիմը՝ Լուկաշենկոյի իշխանությանը վերջնականորեն հակելով Միութենական պետության գաղափարին։ 2020թ. փոխվեց ստատուս-քվոն Ղարաբաղում՝ համապատասխան աշխարհաքաղաքական նոր իրողություններին և Ռուսաստանի քաղաքականության արմատական առաջնահերթություններին։ 2022թ. մեկնարկին Ռուսաստանը իրենից կախվածության մեջ գցեց նաև Ղազախստանը՝ մի կողմից՝ ՀԱՊԿ-ի անվան տակ երաշխավորելով տեղի քաղաքական կայունությունը, մյուս կողմից՝ կյանքի կոչելով անվտանգային կազմակերպության իր իդեա-ֆիքսը։ Տպավորություն է, որ աստիճանաբար հերթը հասնում է Պուտինի գերագույն իդեա-ֆիքսին՝ Միութենական պետությանը։
Նկատի ունենալով վերոնշյալ իրադարձությունները՝ Ռուսաստանն այսօր իր ռազմաքաղաքական ծրագրերում դեռ հաջողում է։ Այն, որ արևմուտքը դրանց արձագանքում է կա՛մ պասիվ, կա՛մ սեթևեթանքային պատժամիջոցներով, դա էլ է փաստ։ Արևմուտքը տասնամյակներով պատժամիջոցների պրակտիկան կիրառում է աշխարհի տարբեր պետությունների հետ, սակայն որևէ պարագայում դրանք ռեալ արդյունք առանձնապես չեն տվել, այդ թվում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, Հս. Կորեայում և այլուր։ Դա շատ լավ հասկանում են նաև արևմուտքում՝ ինչպես կառավարող, այնպես էլ ակադեմիական ու քաղաքականություն մշակող շրջանակները։ Ուստի, ասել, որ արևմուտքի պաժամիջոցները կարող են ստիպել Ռուսաստանին հրաժարվելու իր ռազմա-քաղաքական առաջնահերթություններից, կլինի պարզ միամտություն։ Հետևաբար՝ առնվազն Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմա-քաղաքական դիրքերն էականորեն ամրացել են՝ նկատի ունենալով իր շուրջը գտնվող բոլոր բուֆերային տարածքներում ռուսական զորքի տեղակայված լինելը, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում։
Անշուշտ, որքան կայսրությունը փոխարկում է ազդեցությունը մշակութա-քաղաքականից՝ ռազմականի, այդքան ավելի արագ տեմպով է սկսում թուլանալ։ Սակայն դա Ռուսաստանին կարող է վերաբերել 5-10-15 տարվա հեռանկարով, մինչդեռ քաղաքականությունը որոշվում է այսօր և հիմա՝ ելնելով առկա իրողություններից։ Կախված նրանից, թե Ռուսաստանի համար Միութենական պետություն ստեղծելու հարցը որքանով է հրամայական ու բխում նրա իրացնելի հնարավորություններից, Հայաստանը պետք է կարողանա հաշվարկել իր ռեսուրսները և որոշում կայացնել միմիայն կոնկրետ հաշվարկի հիման վրա։
2015-2018թթ. Հայաստանն անպատասխանատու գտնվեց և բավարար չափով լուրջ չվերաբերվեց Ռուսաստանի քաղաքականության մեթոդաբանական վերանայմանը և շահերի վերաբաշխմանը, իսկ 2019-2020թթ. անկարող եղավ գնահատելու Ռուսաստանի ռազմաքաղաքական առաջնահերթություններն ու ստատուս-քվոյի փոփոխության հարցում նրա՝ այլևս կենսական շահագրգռվածությանը և, ըստ այդմ, դիրքավորվելու՝ մեղմելով դրանից բխած աղետալի հետևանքները։ Ռուսական քաղաքականության իրական էությունն ու տրամաբանությունը չհասկանալը հայկական քաղաքական մտքին մի քանի անգամ հանգեցրել է փակուղու և կորուստների, հետևաբար առաջիկա որոշումների կայացման հարցում ժողովրդական առածը պետք է լինի պետական քաղաքական էլիտայի նշանաբանը՝ «յոթ չափիր, մեկ կտրիր»։ Առավել քան դիպուկ է Վանո Սիրադեղյանն իր՝ 1999թ. ձևակերպման մեջ. «Հապա ո՞րն է Հայաստանի ապահովությունը։ Մեկ բան։ Պարզ, անհնարինին շատ մոտ մի բան հայերիս համար՝ շուտափույթ գիտակցումը այն ճշմարտության, որ մեծ շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդը շահելու բան չունի, շահն այն է, որ այդ կռվից դուրս գա փոքր կորուստներով»։