Հասարակություն

Նոր մեթոդական ցուցումների նպատակը արդյունավետ դարձնելն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցներին ուղարկվել են գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Ըստ այդմ, կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել և տարբեր առարկաների միավորային գնահատումն իրականացվելու է բանավոր հարցման միջոցով, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների ձևով, իսկ բացառիկ դեպքում՝ նաև ամփոփիչ աշխատանքի եղանակով։

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոր մեթոդական ցուցումների նպատակն ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելն է․ «Առարկաներ կան, որոնց ամփոփումն ավելի նպատակահարմար է իրականացնել բանավոր եղանակով կամ գործնական աշխատանքի միջոցով։ Գործնականում հնարավոր չէ ամփոփիչ աշխատանքը գրավոր ձևով իրականացնել ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի, երաժշտության կամ նկարչություն առարկաների դասաժամերին։ Նաև կան առարկաներ, որոնք դպրոցն ավելի նպատակահարմար է գտնում կազմակերպել բանավոր ձևով և դրանց արդյունավետությունն ավելի բարձր է»։

Թորոսյանը նշեց, որ նոր ցուցումները հնարավորություն են տալիս խուսափելու լուրջ խնդրից. «Այս փոփոխությամբ առաջարկվում է, որ գնահատականը նշանակվի այն օրը, որ օրը երեխան գրավորը գրում է, որպեսզի մատյանում փոփոխություններ չկատարվեն, որովհետև առաջին կիսամյակում դասամատյաններում տեղի են ունեցել ահռելի թվով փոփոխություններ, ինչն անթույլատրելի է»։

ԿԶՆԱԿ-ի տնօրենի խոսքով, նախկին կարգի համաձայն, եթե երեխան հիվանդ էր և չէր կատարում գրավոր աշխատանքը, ապա նրա բացակայի փոխարեն նշանակվում էր 1 միավոր, որը միջինացված դեպքում էականորեն նվազեցնում էր երեխայի կիսամյակային արդյունքը։ Հիմա փորձում են խուսափել դրանից։

Նոր չափորոշիչները բոլոր դպրոցներում ներդրվելու են 2023-24 ուսումնական տարվանից՝ որոշակի դասարաններում։ Մինչ այդ այն փորձարկվում է Տավուշի մարզում։