Մեծ Բրիտանիան Էստոնիա կուղարկի 850 զինվորական և դրանով իսկ կկրկնապատկի իր զինվորների և սպաների թիվը հանրապետությունում տեղակայված ՆԱՏՕ-ի մարտական խմբում, ասել է Էստոնիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոսս Ալենը։ Ըստ պլանի՝ նրանք կմասնակցեն Էստոնիայի խոշորագույն՝ Siil 2022 զորավարժություններին։ Թե որքան ժամանակ նրանք կմնան Էստոնիայում, դեռ հայտնի չէ։ «Գուցե երկու ամիս, գուցե երեք ամիս: Դա կախված կլինի նրանից, թե որքան լուրջ է անվտանգության իրավիճակը տարածաշրջանում», - հայտարարել է Ռոսս Ալենը:
Էստոնիա լրացուցիչ զորքերի ժամանումը կապված է Ուկրաինայի և Բելառուսի սահմանների մոտ ռուսական ուժերի տեղակայման հետ։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիան առաջատար երկիրն է Էստոնիայում ՆԱՏՕ-ի 1200 հոգանոց մարտական խմբում: Այն ներառում է նաև զորքեր Ֆրանսիայից, Դանիայից և Իսլանդիայից: Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարտին Հերեմն իր հերթին հայտարարել է, որ ժամանող բրիտանացի զինվորները կտեղակայվեն Տապայի ռազմական ճամբարում։