Հասարակություն

Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա

Առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմենի աշխատակազմում: 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է. «Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները:

Հունվարի 25-ին մասնակցել եմ միջազգային նոր ծրագրի մեկնարկի, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է.

1.Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. նպատակ ունեի այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն:

Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսել ենք դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ եղան քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ. մեր գործընկերները հետևողական եղան այս հարցում:

Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով:

2.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում:

3.Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում:

4.Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում: