Քաղաքական

Պետք է ապահովել քաղաքական լայն շրջանակի ներկայությունը

ԱԺ-ում իր աշխատանքներն է սկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Խորհրդարանական ընդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, սակայն, չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Radar Armenia-ն այս թեմայով զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

- Պարոն Նորիկյան, քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե արտախորհրդարանական ուժերից հանձնաժողովում ընդգրկվելու ցանկություն ունեցողներ կան, իսկ թե այդ ցանկությունները ինչ իրավական ձևաչափով կարող են լինել իրագործելի, դա կորոշի արդեն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը: Ինչպիսի՞ իրավական կարգավորման մասին կարող է լինել խոսքը` ըստ Ձեզ։

- Բարդ է պատասխանել, թե ինչ իրավական կարգավորումներ կարող են ընդունվել նման պարագայում։ Եթե նման դիրքորոշում է ձևավորվել, ապա բնականաբար ունեն այլ տարբերակներ։ Կարևորում եմ հանձնաժողովի լեգիտիմությունը, այդ թվում նաև այլ անձանց ներգրավվածությունը, որպեսզի որևէ մեկի կողմից շահարկման հնարավորություն չստեղծվի։

- Ո՞րը պետք է լինի հանձնաժողովի գործունեության առանցքային նպատակը, ինչպիսի՞ պայմաններ են պետք դրանք իրագործելու համար։

- Դատելով խորհրդարանական ուժերի արձագանքից` պետք է նշեմ, որ հանձնաժողովը պետք է հստակ պատասխանի մի քանի հարցի, ո՞րն է հանձնաժողովի նպատակը, պետք է պատերազմի պատճառները ուսումնասիրվեն, թե՞ քաղաքական մեղադրանքներով են զբաղված լինելու։ Եթե ցանկանում են ուսումնասիրել աղետալի պատերազմի հանգամանքները, ապա պետք է հնարավորինս լայն ներկապնակ ներառել, որպեսզի օբյեկտիվ վերլուծության արդյունքում կարողանան վերլուծել եղելությունը։

- Եթե ընդիմությունը չի մասնակցում նիստերին, միայն իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը հնարավո՞ր է, որ կողմնակալ վերաբերմունք ձևավորի։

- Գործող իշխանությունը պետք է ջանքեր գործադրի ապահովելու քաղաքական լայն շրջանակի ներկայությունը։ Միայն այդ պայմաններում հնարավոր կլինի հանձնաժողովր գործունեությունը։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե անկախ, անաչառ հետաքննող հանձնաժողով ձևավորվեր, որի կազմում չէին լինի թե՛ նախկին, թե՛ գործող իշխանության ներկայացուցիչները, քանի որ փոխադարձ վիրավորանքների ֆոնին օբյեկտրվ ճշմարտությունը կորելու է։

- Կարո՞ղ ենք համեմատել հանձնաժողովի գործունեության սպասվելիք արդյունքները քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների հետ և ինչպիսի՞ հեռանկարների պետք է սպասել։

- Քառօրյա պատերազմի պատճառները, ընթացքը, դրան հաջորդող իրադարձությունները ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում 44-օրյա պատերազմի հետ։ Գործող իրավակարգավորումների համատեքստում ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը փակ է և չի հրապարակվել` հաշվի առնելով դրանում ընդգրկված գաղտնի տեղեկությունների հանգամանքը, մենք առաջարկով ենք հանդես գալու, ըստ որի` հանձնաժողովը պետք է երկու զեկույց ներկայացնի, որոնցից մեկը՝ բաց, հրապարակային, որտեղ տեղ կգտնեն հիմնական մարտավարական սխալները, և փակ, որտեղ տեղ կգտնեն անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

- Հասարակությունն ինչպիսի՞ ակնկալիքներ և մտավախություններ կարող է ունենալ հանձնաժողովի աշխատանքներից։

- Հասարակությունը պետք է ճնշում գործադրի. նկատի ունեմ հասարակական հստակ պահանջը։ Հանրությունը պետք է հստակ ակնկալիքներ ունենա հանձնաժողովից, որպեսզի իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի ուսումնասիրություն։ Սակայն, բնականաբար կան նաև մտավախություններ, որոնք տեղին են, քանի որ մենք պետք է կարողանանք լիարժեքորեն օբյեկտիվություն ապահովել։

Ալմաստ Մուրադյան