Միջազգային

Իրանը հավատարիմ է «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» սկզբունքին

«Իրանի իշխանությունները կշարունակեն հետևել «ոչ Արևելք, ոչ Արևմուտք՝ Իսլամական Հանրապետություն» արտաքին քաղաքականության սկզբունքին, որն առաջին անգամ հնչեցրել է Իրանի հեղափոխության առաջնորդ Իմամ Ռուհոլլա Խոմեյնին 1979 թվականին»,- ուրբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Ուրբաթ օրը միլիոնավոր իրանցիներ նշում են Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը, որը իշխանության բերեց իսլամական հոգևորականներին: «Իսլամական իշխանությունը կշարունակի հավատարիմ մնալ 1979 թվականին բնակչության կողմից հնչեցրած «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» կարգախոսին»,- Ռաիսիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։ «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք՝ Իսլամական Հանրապետություն» արտաքին քաղաքականության իրանական սկզբունքը ի հայտ եկավ 1978-1979 թթ. հեղափոխության տարիներին։ Ձևակերպումը ենթադրում էր Իրանի արտաքին քաղաքականության հակասովետական ​​և հակաամերիկյան կուրսը։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը, ինչպես և ԱՄՆ-ն, գրեթե ողջ 20-րդ դարի ընթացքում մշակութային և քաղաքական լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա՝ հետապնդելով իրենց շահերը՝ առաջ մղելով իրենց գաղափարախոսությունները երկրում։

Հեղափոխությունն ինքնին տեղի ունեցավ 1979 թվականի փետրվարի 11-ին։ Մեկ տարվա գործադուլների և անկարգությունների արդյունքում շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին փախավ երկրից։ Իշխանությունն անցավ հոգևորականների ձեռքը՝ Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ։ 1979 թվականի գարնանը տեղի էր ունեցել հանրաքվե։ Բնակչությունը քվեարկել էր Իրանում Իսլամական Հանրապետության ստեղծման օգտին։