Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024

USD401.94

EUR431.39

RUB4.30

Երևան 3 ℃

Рус Eng

«Կասկած չկա՝ Ալիևը կվերընտրվի». Դավիթ Ստեփանյան

Հարցազրույց

6 Փետրվարի, 20:00

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

- Ադրբեջանում վաղը կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ։ Ի՞նչ պատկեր կստացվի․ Ալիևը կրկի՞ն իշխանության ղեկին կհայտնվի։

- Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններից որևէ փոփոխությունների ակնկալիք չունեմ։ Միանշանակ, Ալիևը կվերընտրվի։ Այդ մասին են խոսում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նրա «հակառակորդների» ցուցակը, որոնք հիմնականում խորհրդարանի տարբեր պատգամավորներ են, այսպես կոչված՝ համակարգային ընդդիմության, նույնիսկ՝ իշխանության մաս կազմող մարդիկ են։ Հերթական թատերական ներկայացումն է, որով փորձ է արվելու Ալիևին տալ լեգիտիմություն, և սա այն դեպքում, երբ հայտնի փաստ է, որ այդ ռեժիմը լեգիտիմ չի կարող լինել։ Եվ այն, որ այնտեղ մեծ հաշվով լինելու են միայն ֆեյք միջազգային դիտորդներ, իսկ ԵԱՀԿ-ից և ԵԽ-ից դիտորդներ չեն լինելու, ֆեյք ընտրությունների լավագույն ապացույցն են։ Մի խոսքով՝ Ալիևը հաղթելու է, այստեղ որևէ կասկած չկա։

- Ալիևը հերթական անգամ պայմաններ է դնում Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար։ Այս անգամ սահմանադրության փոփոխության պահանջն է։ Արդյո՞ք սահմանադրության փոփոխությունն է խաղաղության երաշխիքը։

- Այո, սահմանադրության փոփոխության պահանջը Ալիևի հերթական պահանջն է։ Մեծ հավանականություն կա, որ մենք կգնանք այդ հերթական պահանջը բավարարելու ճանապարհով, և երբ Ալիևի պատկերացրած սահմանադրությունն ընդունվի, նա առաջ կքաշի նոր պահանջներ։ Ալիևի ֆանտազիան բավականին զարգացած է, և որևէ հույս կապել սահմանադրության փոփոխությունների հետ՝ որպես խաղաղության երաշխիք, որի փոփոխությունից հետո խաղաղություն է հաստատվելու, միանշանակ ճիշտ չէ։ Փոփոխել սահմանադրությունը և դրանով հասնել խաղաղության, մեղմ ասած, ճիշտ մոտեցում չէ։ Խաղաղություն չի լինելու սահմանադրության փոփոխության արդյունքում, որովհետև հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմքում ընկած են ավելի լուրջ պատճառներ, ավելի ֆունդամենտալ խնդիրներ, առաջին հերթին՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Ռուսաստան-Արևմուտք-Թուրքիա-Իրան, շահերը։ Սահմանադրության փոփոխությամբ կարգավորել հարաբերությունները հարևանների հետ անհնար է։

 - Ադրբեջանում ընտրություններից հետո ինչպե՞ս կզարգանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

- Ադրբեջանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամն է, որ Ալիևը գնում է արտահերթ ընտրությունների։ Եղել է ցանկություն՝ խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից, որը պետք է ստորագրվեր ԱՄՆ ճնշման տակ։ Բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ն ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա, և դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենի այցը Բաքու դրա վառ ապացույցն էր։ Նա նույնիսկ ուլտիմատում էր դրել Ալիևի առջև, որ եթե մինչև հունվարի 31-ը չի ստորագրում, ապա Միացյալ Նահանգների և Ադրբեջանի հարաբերությունները շատ լուրջ փոփոխություններ են կրելու։ Բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ։ Որքանով հասկանում եմ, որքանով տպավորություն ունեմ, ԱՄՆ-ն այս ընտրություններից հետո փորձելու է Ադրբեջանում կազմակերպել բանակցային փուլը։ Նորից փորձեր են լինելու Ալիևին բերել բանակցությունների և ստիպել նրան ստորագրել խաղաղության պայմանագիր այն հիմունքներով, որոնք հստակեցված և սահմանված էին առաջին հերթին Գրանադայում, որտեղ Ալիևը չգնաց։ Այսինքն, փորձեր լինելու են։ Իսկ թե կունենան այդ փորձերը հաջողություն, թե ոչ, առաջին հերթին կախված է Ալիևի դիմադրողականությունից, Ռուսաստանից, ինչպես նաև Արևմուտքի՝ վճռորոշ լինելու հանգամանքից։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում