Հարցազրույց

«Պատերազմը իրականացավ Անկարա-Մոսկվա համաձայնությամբ. խաղաղությունը նույն երկրներով չի հարթվի». Գանտահարյան

Radar Armenia-ն 2023 թվականն ամփոփել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։

-Աշխարհաքաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ տարի էր 2023 թվականը։

- Մեզ համար՝ պատերազմներով հագեցած տարի․ նկատի ունեմ արցախյան մեկօրյան և Համաս-Իսրայել շարունակվող պատերազմը։ Հայկական առումով, ուրեմն, մի կողմից՝ մեր երկրորդ հանրապետության անկումը, մյուս կողմից՝ միջինարևելյան հայասփյուռքի առումով նոր ցնցումները։

- Տարածաշրջանում ընթացող գործընթացներն ի՞նչ զարգացումներ կունենան 2024 թվականին։

- Երկրագնդի բևեռայնացման նոր միտումները կշարունակվեն։ Չինաստանը արդեն տնտեսական հզոր բևեռ է, որն ազդում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացների վրա։ Նոր առանցքների ռազմաքաղաքական գծագրումները իրար կհատեն անպայման։ Մենք դա կզգանք ինչպես հարավային Կովկասում, այնպես էլ Միջին Արևելքում։ Դրանց զուգահեռ, կենսոլորտի խնդիրները, գաղթականական ալիքի նոր բարձրացումները կցնցեն աշխարհը տարբեր աշխարհագրական միջավայրերում։
Իհարկե, Ուկրաինայի պատերազմի արդյունքները իրենց հետևանքները կունենան։ Սակայն, մեծ հաշվով, այս պայմաններում կշարունակվի Իրանի ապամեկուսացումը ՌԴ-ի միջազգային շրջափակման դիմաց։ Այս պարունակում էլ՝ հավաքական Արևմուտք-ՌԴ ազդեցության մրցապայքարը Հարավային Կովկասում։ Անկարայի խաղը Արևմուտքի և ՌԴ-ի միջև սպառման նախադրյալներ է պարզում։

- Աշխարհաքաղաքական պրոցեսները ի՞նչ ազդեցություն ունեցան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։

- Չի բացառվում, որ հակաալիևյան տրամադրությունները բարձրանան Ադրբեջանում։ Բաքվի վրա ճնշման քաղաքականությունը շարունակվում է, և Ալիևին չի հաջողվելու երկար ժամանակ օգտվել հաղթողի դափնիներից։ Դրա համար էլ շտապ կարգով գնում է արտահերթ ընտրությունների։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի փոփոխության մասին կարող ենք խոսել, երբ խորանա ՌԴ-Թուրքիա լարվածությունը, և երկրները վերադառնան իրենց դասական դիրքորոշումներին։ Խաղաղության պայմանագիրը պայմանավորված է տարածաշրջանում գլխավոր խաղացողների միջև կայանալիք համաձայնություններից։ Սյունիքը այսօր ստացել է աշխարհաքաղաքական նշանակություն թե՛ հյուսիս-հարավ, թե՛ արևելք-արևմուտք ուղղություններով։ Այս պատճառով էլ, առանց միջազգային համաձայնության, արմատական լուծումներ չեն լինի։ Կլինեն նոր ներգրավվածություններ և հակակշիռ գործողություններ՝ մինչև տարածաշրջանային գործարքի կայացում։

-Տարածաշրջանի խաղացողների մոտեցումները որքանո՞վ էին միտված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, մասնավորապես, Թուրքիայի և Իրանի պարագայում։

- Իրանի և Թուրքիայի շահերը գուցե կարճաժամկետ դրվածքով համընկնեն։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ ուժն է, և Իրան-Թուրքիա հարաբերությունները պետք է ընկալել նաև այդ իրողության լույսի ներքո։ Չմոռանանք, որ Իրանի նախագահի այցը Անկարա վերջին պահին չեղարկվեց։ Սա շատ խոսուն ցուցիչ է՝ հարաբերությունները վերլուծելիս։

- Ի՞նչ զարգացումների սպասենք 2024-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսանկյունից։

- Խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել՝ առանց Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի ետքաշման։ Մինչև դա չիրականանա, մինչև Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի կարգավիճակը չպարզվի, Հայաստանն ու Ադրբեջանը ներկա պայմաններում չեն կարող ինքնուրույն որոշել համաձայնել խաղաղության պայմանագրի շուրջ․ Արևմուտքը ներկա է տարածաշրջանում և չի թողնելու, որ միայն ՌԴ-Թուրքիա համաձայնության շրջանակներում լուծվեն խնդիրները։ Պատերազմը իրականացավ Անկարա-Մոսկվա համաձայնությամբ։ Խաղաղությունը նույն ձևաչափով միայն չի հարթվի։

Հայկ Մագոյան