Հարցազրույց

«Ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը մեկնի Սանկտ Պետերբուրգ». Սուրեն Սուրենյանց

Radar Armenia-ի զրուցակիցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

- Արևմտամետները պնդում են, որ Հայաստանը չպետք է մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական և ԵՏՄ պաշտոնական գագաթաժողովներին։ Արդյո՞ք պետք է Հայաստանը մասնակցի այս հանդիպումներին, թե՞ ոչ։

-Կարծում եմ՝ միանշանակ պետք է մասնակցի։ Եվ առաջին անգամ չէ, որ նման դիրքորոշում եմ արտահայտում։ Նախ, տուրբուլենտ աշխարհում արդյունավետ քաղաքականություն չեմ համարում մի կենտրոնի վրա կառուցվող արտաքին քաղաքականությունը կամ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի նկատմամբ տարվող դեմարշը։ Ինչ վերաբերում է Ձեր ասած շրջանակների դժգոհությանը, գիտեք, քաղաքականությունը պատրանքների և ցանկությունների վրա չի կառուցվում։ Իրենք պիտի ասեն՝ տեսնու՞մ են Արևմուտքից այնպիսի առաջարկություններ, որոնք այս պահին կարող են լցնել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամից առաջացած վակուումը։ Գեղեցիկ խոսքեր չէ, ես խոսում եմ կոնկրետ երաշխիքների մասին։ Նման երաշխիքներ չկան, հետևաբար, մեղմ ասած, ադեկվատ չի նման պահանջը։ Ես կարծում եմ, որ արդյունավետ ու ճիշտ կլինի, եթե նա մեկնի։

-Չմասնակցելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ 

- Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական շուկայից։ Օրինակ, արտաքին առևտրային համագործակցությունը 43%-ով ավելացել է։ Այսինքն, եթե քաղաքականություն ես իրականացնում, պետք է հաշվի առնես այս գործոնները։ Հայաստանը մյուս տարի ստանձնելու է ԵՏՄ նախագահությունը։ Այսինքն, եթե Հայաստանը հիմա, ենթադրենք, չի գնում այդ գագաթնաժողովին, ապա այն ստանձնելու ինստիտուտը չեմ պատկերացնում։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը ստեղծել է նախադրյալներ, որ Նիկոլ Փաշինյանը մեկնի Սանկտ Պետերբուրգ։ Օրինակ, մեր իշխանությունները շատ հստակ դժգոհում են ՀԱՊԿ-ից, բայց ԵՏՄ-ի նկատմամբ շատ որոշակի վերապահումներ ունեն՝ դրական իմաստով։ Ավելին ասեմ․ Օվերչուկի այցն էլ ցույց տվեց, որ, չնայած քաղաքական ճգնաժամին, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները երկուստեք կարևորվում են։ 

Հայկ Մագոյան