Վերլուծություն

Ինչո՞ւ է աղմկում Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ նաև հետխորհրդային տարածության այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, առաջին հերթին տնտեսական անհրաժեշտությունից դրդված, նույնպես կմիանան»:

Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսը, որ արդեն միացել և փաստացի «կլանվել է» Ռուսաստանի կողմից միութենական պետության ֆորմատով, հիմա էլ փորձում է «բախտակիցներ» գտնել և իր թիրախ է ընտրել Հայաստանին։ Խոսելով Հայաստանի անելանելի ու ընտրության տարբերակներ չունեցող իրավիճակի մասին՝ Լուկաշենկոն, կամա թե ակամա, խոսում է հենց Բելառուսի մասին։ Այն Բելառուսի, որի վերջին 30 տարվա անփոփոխ ղեկավարն է ինքը, որտեղ քաղաքական համակարգը զարգացել է ԽՍՀՄ վարչահրամայական ու միակուսակցական համակարգերի «լավագույն» ավանդույթներով, որտեղ ընդդիմադիրներ են սպանվում և անհետանում, որտեղից օլիմպիական սպորտսմեններ են փախչում ու քաղապաստան փնտրում։ Երկիր, որը, ռազմավարական և աշխարհագրական առումով գտնվելով Արևելյան Եվրոպայի կենտրոնում, ամբողջապես կախված է ռուսական տնտեսությունից, էժան գազից ու սուբսիդավորումներից։ Բելառուսը, ի դեպ, ըստ էության, զիջել է իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանին, գժտվել ու թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում իր գրեթե բոլոր հարևանների հետ՝ սեփական երկիրը դարձնելով օտարերկրյա զորքերի զորաշարժերի դաշտ։

Եվ հիմա Լուկաշենկոն փորձում է իր բախտակից դարձնել Հայաստանը՝ ակնարկելով ՀՀ տնտեսական ու քաղաքական առանցքային կախվածությունը Ռուսաստանից ու խոսելով Հայաստանի՝ ռուս-բելառուսական միութենական պետության հնարավոր միացման մասին։ Ավելին, Լուկաշենկոն իր բախտակիցների թիմում է հավաքում նաև Ղազախստանին, միջինասիական երկրներ Տաջիկստանին ու Ուզբեկստանին։ Այս ամենն, իհարկե, մեռյալին վերակենդանացնելու կամ ԽՍՀՄ-2 ֆորմատի վերականգնման անհույս փորձ է։ Անհույս, որովհետև չկան ո՛չ հսկա պետության ռեսուրսները, ո՛չ բանակները, որ կմիավորեն այդ պետությանը, ո՛չ էլ Ռուսաստանն է ԽՍՀՄ-ի պես գերհզոր ու երկբևեռ աշխարհի առաջատար։

Լուկաշենկոն, ուրեմն, խոսում է սեփական երիտասարդության, սեփական ակնկալիքների ու երազանքների մասին, չէ՞ որ հայտնի փաստ է, որ Լուկաշենկոն հույս ունի Պուտինից հետո գլխավորելու միութենական պետությունը և դառնալու իր երազած փոքր ԽՍՀՄ-ի ղեկավարը։

Գ. Մ.