Քաղաքական

Հումանիտար հարցերը չպետք է լինեն սակարկության առարկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե հումանիտար հարցերը չպետք է լինեն սակարկության առարկա։

Նա հիշեցրել է. «Մենք 108 մարմինները վերադարձրել ենք առանց նախապայմանի։ Ճիշտ չենք համարում, որ դա դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզներին՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա»։ 

Փաշինյանը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ իր հեռավար հանդիպման մասին։ Ըստ նրա, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը: Դուք գիտեք, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք. «Հանդիպումից հետո թյուրըմբռնում եղավ հետևյալի շուրջ. մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին։ Ադրբեջանն անընդհատ խոսում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ՝ պաշտոնական թվերով՝ 777։ Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկվել»։