Քաղաքական

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեռևս ԽՍՀՄ ժամանակներում եղել է սահման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման թեմային։

Նա հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: «Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»:

Փաշինյանի խոսքով. «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներիում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ. ԱՊՀ ստեղծելու համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից այդ սահմանները ճանաչվել են։ Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»։

Վարչապետը շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ. «Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա նման բան: Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»: