Քաղաքական

Հարցվածները մտահոգ են Ռուսաստանին հանձնված անվտանգությամբ

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալներով՝ հարցին, թե «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ», 46%-ը պատասխանել է, որ սխալ ուղղությամբ է շարժվում, 34%-ը՝ ճիշտ։ Մինչդեռ մայիսին հարցվածների 41%-ը պատասխանել էր, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 20%-ը կարծում էր՝ սխալ ուղղությամբ։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, մեկնաբանելով այս տվյալները, կարծիք հայտնեց, թե մեծ թվով հարցվածները մտահոգ են իշխանությունների` միակողմանիորեն Ռուսաստանին հանձնված անվտանգությամբ. «Այդպիսի տեսակետի համար նախադրյալ են նաև երկրի ներսում արդարամտության և արդարադատության ցածր մակարդակն ու իշխանությունների վարած կադրային խայտառակ քաղաքականությունը»։

Հայրապետյանի խոսքով մարդկանց տրամադրվածության վրա լրջորեն ազդել են նաև նորօրյա պաշտոնյաների ցոփանալն ու ապաշնորհությունը։ Ըստ նրա, անցյալ մայիսին դեռևս փայփայվող հույսերը ցնդեցին նաև խորհրդարանական ընդդիմության քարոզչական լայնամասշտաբ աշխատանքի պատճառով, որին իշխանությունները չկարողացան դիմագրավել։ «Մայիս ամսից ի վեր իշխանություններին չհաջողվեց ոչ միայն դուրս քշել ՀՀ տարածք մտած ադրբեջանական զինյալներին, այլև զիջվեցին կենսական նշանակության նորանոր ճանապարհներ ու մշակության համար անպիտան դարձան վտանգված հողատարածքներ, իշխանությունն անկարող գտնվեց գերիների վերադարձի գերզգայուն հարցում»։