Քաղաքական

Հայաստանը հայտնվել է ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է և պետությունը հայտնվել է պատմական վերջին ժամանակահատվածում ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում։

Ռուստամյանի խոսքով. «Թուրք-ադրբեջանական տանդեմը անթաքույց հստակ հայտարարում է՝ ինչի՞ է ձգտում, ո՞րն է իր կենսական շահը, և դրանք ուղղակի հակասում են Հայաստանի շահերին: Մեզ ակնհայտ մարտահրավեր է նետված, այդ մարտահրավերը մենք ուղղակի կամ անտեսում ենք, կամ էլ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում: Այն օրակարգը, որ մենք հիմա քննարկում ենք, բացարձակ կապ չունի Հայաստանին սպառնացող մարտահրավերների հետ»։

Ըստ Ռուստամյանի, Թուրքիան և Ադրբեջանն ուղղակի արձանագրել են, որ առաջնորդվելու են 4 խնդրի լուծմամբ՝ պարտադրելու են Հայաստանին ճանաչել բոլոր ապօրինի սահմանները, հրաժարվել ցեղասպանությունից, բավարարել Ադրբեջանի պահանջները Արցախի հարցով և «Զանգեզուրի միջանցքի» հարցով. «Այս ամենը սևով-սպիտակի վրա գրված է այն հռչակագրում, որը վավերացրել են Թուրքիան և Ադրբեջանը` դա «Շուշիի հռչակագիրն» է»։

Ռուստամյանը կարևորեց համապատասխան արձագանքը. «Մենք դրան չունենք ադեկվատ արձագանք, իսկ այն, ինչ արձագանքվում է, ուղղակի սպասարկում է այն, ինչը որ այսօր հայտարարում է Թուրքիան՝ ցեղասպանությունը թողնում ենք սփյուռքին, ասում ենք, որ մենք որևէ պահանջ չունենք սահմանների ճշգրտումների հետ կապված, ասում ենք, որ Ադրբեջանի կազմում պետք է մնա Արցախը, որովհետև տեսականորեն անգամ լուծում գոյություն չունի, անհասկանալի ձևակերպումներով խուսափում ենք «Զանգեզուրի խնդրից»»։

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին՝ Ռուստամյանը նկատել է. «Լուկաշենկոն իր հայտարարությունները պայմանավորում է` տվյալ պարագայում իր ունեցած շահերը նկատի ունենալով։ Ըստ էության, ինքը չի տեսնում Հայաստանի հետ ռազմավարական շահերի անհրաժեշտություն։ Հիմնական հարցը մենք պետք է մեր մեջ փնտրենք` ինչո՞ւ ենք մենք առիթ տալիս, որ նման հայտարարություններով հանդես գան մեր հասցեին։ Կա պաշտոնական տեսակետ, որը չի արտահայտում ընդդիմությունը»։