Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ինչպես սուվերեն, այնպես էլ ռուսաստանյան բանկերի վարկանիշների վրա: Սուվերեն վարկանիշների համար պատժամիջոցների ազդեցությունը կախված կլինի «մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը խաթարելու» կամ պետական պարտքի սպասարկումը բարդացնելու դրանց կարողությունից, նշվում է զեկույցում։ Բանկերի վարկանիշների վրա կարող են բացասական հետեւանքներ ունենալ այն պատժամիջոցները, որոնք կազդեն արտարժույթով վճարումներ կատարելու հնարավորության վրա։
Բանկային հատվածի վրա ամենաշատը կազդեն այն պատժամիջոցները, որոնք խոշոր պետական բանկերին կզրկեն արտարժույթով՝ հատկապես դոլարով վճարումներ կատարելու, ինչպես նաեւ SWIFT միջազգային համակարգից օգտվելու հնարավորությունից, նշում են վերլուծաբանները: Միաժամանակ, նրանք ընդգծում են, որ հիմնական սցենարում չեն սպասում նման պատժամիջոցների կիրառում, մասամբ այն պատճառով, որ դրանք կդժվարացնեն վճարումները միջազգային վարկատուներին։ Վերլուծաբանները կարծում են, որ ավելի հավանական են պատժամիջոցները «համակարգային տեսանկյունից պակաս կարեւոր բանկերի նկատմամբ»։