Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ի ղեկավարներին հանգստյան օրերին տեղեկացրել է, որ որոշել է չմիանալ ընկերության տնօրենների խորհրդին: Այս մասին Twitter-ում հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը։
Ագրավալը նշել է, որ ընկերության ղեկավարությունը տեղյակ է եղել Մասկի հետ աշխատանքի և՛ առավելությունների, և՛ ռիսկերի մասին։ Պաշտոնական հիմունքներով՝ Մասկը պետք է տնօրենների խորհրդին միանար ապրիլի 9-ին, սակայն նույն օրը գործարարը տեղեկացրեց ղեկավարությանը, որ որոշել է դա չանել։ «Կարծում եմ՝ սա լավագույնն է: Մենք միշտ գնահատել ենք և կշարունակենք արժևորել մեր բաժնետերերի ներդրումը, անկախ նրանից՝ նրանք տնօրենների խորհրդի անդամ են, թե ոչ», - գրել է Ագրավալը և հավելել, որ ընկերությունը բաց է մնում բաժնետերերի նախաձեռնությունների համար։