Ֆինանսներ

Իլոն Մասկը 2,64 մլրդ դոլար է ծախսել Twitter-ի բաժնետոմսերը գնելու համար

Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը 2,64 միլիարդ դոլար է ծախսել Twitter-ի բաժնետոմսերը գնելու համար։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի փաստաթղթերում: Միաժամանակ, միլիարդատերը ներկայացրել է նոր փաստաթուղթ՝ 13D ձևով, ինչը նշանակում է, որ ներդրողը մտադիր է ակտիվորեն մասնակցել ընկերության աշխատանքներին։ 

Ապրիլի 5-ի դրությամբ Մասկին է պատկանում Twitter-ի 73,115 միլիոն բաժնետոմս կամ 9,1%-ը։ Երեքշաբթի, Twitter-ի բաժնետոմսերի առուվաճառքի ավարտի դրությամբ, Մասկի մասնաբաժինը գնահատվում էր 3,73 միլիարդ դոլար: Մասկը սկսել է Twitter-ի բաժնետոմսեր գնել հունվարի վերջից և գործարքներ կատարել գրեթե ամեն օր։ Ամենամեծ գործարքը Մասկը կատարել է փետրվարի 7-ին՝ գնելով ավելի քան 4,8 մլն բաժնետոմս՝ 176 մլն դոլարի չափով։

Մեկ օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Մասկը կմիանա Twitter-ի տնօրենների խորհրդին։ Քանի դեռ նա խորհրդի անդամ է, նրա մասնաբաժինը ընկերությունում չի կարող գերազանցել 14,9%-ը։ Անցյալ շաբաթ Մասկը ասել էր, որ գոհ չէ խոսքի ազատության հարցում սոցիալական ցանցի մոտեցումից, և «լրջորեն մտածում է» նոր հարթակ ստեղծելու մասին։