Շաբաթ, 25 Հունիսի 2022

USD403.18

EUR421.15

RUB6.97

Երևան 21 ℃

Рус

Իշխանությունները դեմ են գնում տեխնոլոգիական առաջընթացին՝ արգելելով կրիպտոարժույթների գործածումը ՀՀ-ում

Ֆինանսներ

3 Ապրիլի, 19:23

Կրիպտոարժույթները՝ բլոքչեյնն ու բլոքչեյնի տեխնոլոգիայի հիման վրա զարգացող ֆինանսական տեխնոլոգիաները (և ոչ միայն ֆինանսական) շատ կարևոր դեր ունեն աշխարհի տեխնոլոգիական մտքի և նոր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Radar Armenia-ն կրիպտոարժույթների մասին զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին հետ։

- Ի՞նչ են կրիպտոարժույթները, ինչի՞ համար են ստեղծվել։

- Նախ, ես առաջարկում եմ դրանք անվանել գաղտնարժույթներ, ինչն ավելի է սազում հայերենի բառակազմության ավանդույթներին։ «Կրիպտո» հունարեն նշանակում է «գաղտնի», չնայած՝ որևէ գաղտնի բան չկա այդտեղ։ Նման անվանումը կախված է այն հանգանաքից, որ գաղտնարժույթների տեխնոլոգիան կառուցված է կրիպտոլոգիայի՝ գաղտնաբանության վրա։ Դա մաթեմատիկայի մի բաժին է, որը վերաբերում է ծածկագրերի գաղտնագրման և գաղտնազերծման տեսությանը։ Գաղտնաբանական մեթոդները թույլ են տալիս ստեղծել ֆինանսական գործիքներ, որոնք աշխատում են, այսպես կոչված, անվստահության մթնոլորտում (“trustless environment”)։ Սա նոր տեխնոլոգիա է, որն ստեղծում է տեխնոլոգիապես նոր սերնդի փողի, այսինքն՝ փոխանակման միջոցի տեսակ։ Գաղտնարժույթի առաջին օրինակը, պատմականորեն, բիթքոյնն է, որից զատ՝ արդեն կան ևս 16․000 գաղտնարժույթներ՝ լայթքոին, էթերիում և այլն։ Էթերիումը մի քայլ առաջ է բիթքոյնից, այն «խելացի» արժույթ է, կարող ենք իրեն ծրագրավորել, պայմաններ դնել, որ, օրինակ, ուղարկում ենք այդ փողը, բայց փողը կբացվի, հասանելի կլինի ինչ-որ պայմանի դեպքում, օրինակ, կոնկրետ ամսաթվի, կամ՝ երբ նավթի արժեքը կոնկրետ թվի կհասնի։ Կարող ենք գործնական պայմանագրերը կոդավորել գատնարժույթների մեջ՝ կարգավորում է այն ամեն ինչը. բանկեր, պետություններ անհրաժեշտ չեն, մարդիկ իրար կարող են փող փոխանցել կամ վարկով տալ՝ առանց խաբվելու վախի, որովհետև ամեն ինչ կոդավորված է, ու մի պայման չկատարելու դեպքում՝ ավտոմատ զրկում է գումարը վերցնելու հնարավորությունից կամ գրավն առգրավվում է։

- Ինչո՞վ է սա ավելի լավ, հարմար մեր ունեցած արժույթներից։

- Գաղտնարժույթները թղթադրամներից, որոնք պետությունները տպում են և օրենքներով պարտադրում սպառողներին, հենց նրանով են լավ, որ չեն տպվում ինչ֊որ կենտրոնացված իշխանության կողմից, այլ ղեկավարվում են թափանցիկ, ապակենտրոնացված և բորին հասանելի կառավարման միջոցով։ Սովորական թղթադրամների, փողի կարգուկանոնը սահմանում է պետությունը, մշակում է օրենքներ, որոնք, որոշ դեպքերում, չարաշահվում են։ Պետությունն է, որ վստահության գլխավոր երաշխիքն է, նա է օրենքներն աշխատեցնում, նա է պարտադրում պետական թղթադրամը՝ որպես փոխանակման միջոց։ Գաղտնարժույթների տեխնոլոգիական ամբողջ հեղափոխության արդյունքում այդ ամենը անում է ոչ թե պետությունը, այլ մաթեմատիկան՝ գաղտնաբանությունը, այսինքն՝ ստեղծվում են գործիքներ, որոնցում արդարությունը, խաբեության բացառումը իր վրա է վերցնում հենց կրիպտոլոգիական մեթոդաբանությունը։ Դրա շնորհիվ է, որ գաղտնարժույթները լուրջ ժողովրդականություն են ստացել, տարածվում են, յուրացվում են մարդկանց մեծ քանակի կողմից և դառնում լուրջ ինդուստրիա, ընդ որում՝ խոսքը գնում է արդեն ոչ թե միլիարդների, այլ՝ տրիլիոնների մասին։ Բացի դրանից՝ գաղտնարժույթները հարմար են նրանով, որ ցանկացած փոխանցում կատարվում է րոպեների ընթացում՝ համացանցով, ինչ թույլ է տալիս շրջանցել բանկերի հերթերը և հոգնեցուցիչ բյուրոկրատիան։ 

- Կգա՞ մի օր, երբ կրիպտոարժույթները երկրներում պետականորեն կընդունվեն և պետական կարգավորման տակ կանցնեն։

- Շատ երկրներում քաղաքացու իրավունքը՝ գնել կամ վաճառել գաղտնարժույթ, ապահովված է։ Արևմտյան աշխարհում՝ Միացյալ նահանգներում, Կանադայում, Եվրամիության երկրներում, Սինգապուրում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում և այլն, գաղտնարժույթների գործածությունը կարգավորված է, իհարկե, տարբեր աստիճանների ազատությամբ։ Ռուսաստանում ԿԲ կողմից արգելելու առաջարկ եղավ, բայց դրան առարկեցին թվային զարգացման և ֆինանսների նախարարությունները՝ հիմնավորմամբ, որ դա կկանգնեցնի տեխնոլոգիական զարգացման պրոցեսը։ Հիմա Ռուսաստանի նախագահը հանձնարարել է, որ ԿԲ-ն ու նախարարությունները կոնսենսուսային լուծումների գան, այսինքն՝ ուղղությունն այն է, որ գնան դեպի կարգավորում, ոչ թե դեպի արգելում։ Գաղտնարժույթների կիրառումն արգելել է Չինաստանը, դրան հակառակ՝ Սալվադորն առաջին երկիրն է, որ բիթքոյնն ընդունել է՝ որպես իր ազգային արժույթ։ Սալվադորում իրենց ազգային արժույթից վաղուց հրաժարվել էին, միայն դոլարն էին օգտագործում, հիմա արդեն այնտեղ դոլարն ու բիթքոյնն ունեն հավասար իրավունքներ։ Այսինքն՝ Սալվադորի կառավարության որոշմամբ և օրենքներով հիմա բոլոր բիզնեսները պարտավոր են վճարումներ ընդունել և՛ դոլարով, և բիթքոյնով։ Իհարկե, ես կոչ չեմ անում գնալ այդ ուղղությամբ, որովհետև դա համարձակ էքսպերիմենտ է, ես նման առաջանցիկ քայլ չեմ առաջարկում։ Ես անգամ Հայաստանի ԿԲ-ից չեմ պահանջում, որ թույլ տան բորսաների գործունեությունը, թեև՝ լավ կլիներ։ Ես չեմ պահանջում, որ թույլ տան Հայաստանում գաղտնարժույթների թողարկում (ICO), որն էլի, համարում ենք, լավ կլիներ։ Այդ համարձակությունը հիմա մենք չենք պահանջում, մենք ընդամենը ասում ենք՝ թույլ տվեք, որ մեր քաղաքացին հանգիստ կարողանա գաղտնարժույթներ գնել, վաճառել, և, ընդհանրապես, դրանցից օգտվել։ Այսօր ԿԲ-ն ՀՀ քաղաքացիներին կտրել է տեխնոլոգիական պրոգրեսից, քանի որ ապօրինաբար ու ծածուկ կերպով դե ֆակտո արգելել է գաղտնարժութային բորսաների հաշիվների սպասարկումը։ Օրինակ՝ Վրաստանում լրիվ ազատ է։ 

- Ֆիզիկապես գոյություն չունեցող, օնլայն արժույթներն ինչքանո՞վ են վստահելի, արդյո՞ք մարդիկ չեն խուսափում դրանք ռեալ գումարով ձեռք բերել։ 

- Վիրտուալ փողի գաղափարը վաղուցվանից է եղել, ի վերջո, ինչո՞ւ պիտի անպայման փողը ունենա նյութական մարմնավորում։ Նա կարող է լինել վիրտուալ մի ֆայլ, որը հեշտությամբ փոխանցվի ինտերնետով և ծառայի որպես փոխանակման միջոց։ Հենց բլոքչեյնի գլխավոր արժանիքը, որպես տեխնոլոգիա, դրա մեջ է, որ թույլ տվեց՝ գտնել գաղտնաբանության մաթեմատիկական տեսության վրա հիմնված լուծում, որն ապահովում է, որ եթե մի ֆայլ՝ բիթքոյնի ինչ-որ քանակ, ուղարկում ենք մեկին, դա արձանագրվում է, և այլևս մեզ մոտ չի մնում այդ ֆայլը, որովհետև, հակառակ դեպքում, ինչ-որ ֆայլ ուղարկելուց կարող էինք պատճենել և մեզ մոտ պահել։ Այսինքն, ստեղծված է մի տեխնոլոգիա, որն ապահովում է, արձանագրում է և թույլ չի տալիս՝ ուղարկելուց հետո պահել այդ պատճենը. ուղարկելուց հետո մեզ մոտ պակասում է և հասնում հասցեատիրոջը։ Այդ փոխանցման արձանագրությունը լրիվ թափանցիկ է բոլորի համար, բոլոր ցանկացողներն իրենց համակարգիչներով կարող են հետևել և արձանագրել դրանք։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ փոխանցման արձանագրությունը ռեպլիկացիա է լինում ամբողջ աշխարհով, և եթե մեկն ուզենա դա կեղծել, շատ ավելի մեծ գումար պիտի ծախսի այդ օպերացիայի վրա, քան այն գումարն է, որն ինքը կշահեր՝ դա կեղծելով։ Բլոքչեյնի գաղափարախոսությունը հենց սա է, սրանով գաղտնարժույթը դառնում է վստահելի միջոց։

- Ո՞րն է կրիպտոարժույթի ապագան. կմարի՞ այն, թե հավակնում է փոխարինել փողին։

- Իմ կարծիքով սա շատ լուրջ տեխնոլոգիա է, որի գլխավոր առավելությունն այն է, որ ամենահարմարն է եղած բոլոր եղանակներից։ Որպես փոխանակման միջոց՝ շատ հարմար է, վայրկենական գործող, չի պահանջում բարդ լոգիստիկա՝ պահպանման, տեղափոխման, ինչպես ոսկու կամ թղթադրամների դեպքում։ Իհարկե, կան անվտանգության հարցեր, կա հակերություն այս ուղղությամբ։ Բայց տեխնոլոգիաները զարգանում են, այդ հարցերն արդեն շատ արագ և արդյունավետ լուծվում են, պաշտպանելու հնարավորություններ կան։ Գնալով՝ գաղտնարժույթների շուկայում կատարվում է զանգվածային տարածում, գաղտնարժույթներ օգտագործողների թիվն աճում է, ամբողջ ինդուստրիայում գաղտնարժույթներն արդեն մի քանի տրիլիոն դոլարի են հասել, և սա գնալով աճում է։ Սա ֆինանսական տեխնոլոգիաների ամենախոստումնալից ուղղություններրից մեկն է և կապված է նաև Մետավերսի զարգացման հետ։ Մետավերսը վիրտուալ աշխարհ է, որն ստեղծվում է և՛ սոցիալական ցանցերի, և՛ խաղային ինդուստրիաների, և՛ արվեստի կողմից (այսպես կոչված NFT֊ները)։ Այդ ամենը լրիվ նոր վիրտուալ աշխարհ է, որն արդեն բավականին լուրջ տնտեսական զարգացման հիմք է դարձել ամբողջ աշխարհում, և այդ ամենից մենք ուղղակի հետ ենք մնում։ Գաղտնարժույթների կիրառումը միայն գումարային փոխանցումներին չի վերաբերում, խոսքը միայն վճարումների մասին չի՝ որպես փողի միջոց, սա նաև վիրտուալ տնտեսության տարբեր ճյուղավորումների մասին է։ Ամեն ինչ միավորվում է մի ընդհանուր զարգացման մեջ, սա նոր տեխնոլոգիական հեղափոխության գլխավոր ուղղությունն է, և այդ ամենի վրա աչք փակելը,  արգելելը, չհետաքրքրվելը ծանր է նստելու Հայաստանի վրա, եթե մենք ուզում ենք, այնուամենայնիվ, առաջընթաց ունենալ, կայանալ, ինչ-որ առավելությունների հասնել։ 

- Կրիպտոարժույթներն ի՞նչ տեղ են զբաղեցնում մեր պետության քաղաքականության մեջ։

- Ցավոք սրտի, Հայաստանում, կարծես, այս ամեն ինչի նկատմամբ տրամադրված են շատ հետադիմական։ Կենտրոնական բանկերը ամբողջ աշխարհում կոնսերվատիվ են տրամադրված և որոշակի վերապահումներով են մոտենում գաղտնարժույթներին, բայց ժամանակակից աշխարհը գնում է ոչ թե արգելելու, այլ կարգավորելու ուղղությամբ։ Որովհետև բոլորը հասկանում են, որ այդ տեխնոլոգիան արգելելը նշանակում է արգելել տեխնոլոգիական առաջընթացը Ֆինտեխի՝ ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառում։ Հայաստանում մինչև 2018 թիվը գործել է բավական լիբերալ ռեժիմ, այսինքն՝ մարդիկ իրավունք ունեին բանկերի միջոցով գումարներ փոխանցել գաղտնարժույթային բորսաներ, գնել բիթքոյն կամ այլ տեսակի գաղտնարժույթ։ Կարող էին ազատորեն առևտուր անել, գումարները տեղափոխել բորսա կամ բորսաներից քաշել գումար։ 2018 թվականին՝ 2 ամիս հեղափոխությունից հետո, չգիտես՝ ինչու, առանց որևէ բան բացատրելու Կնետրոնական բանկը ծածուկ հորդորել է հայաստանյան բոլոր բանկերին գաղտնարժույթների հետ կապված հաշիվները չսպասարկել։ Իհարկե, հորդորը որևէ օրինական հիմք կամ իրավական ուժ չունի, օրենսդրական ակտի վրա հենված չի, բայց, հասկանալիորեն, բոլոր բանկերը Կենտրոնական բանկի հետ իրենց հարաբերությունները չվատացնելու նկատառումով՝ այդ հորդորն ընդունել են որպես բացարձակ հրաման և դադարեցրել են գումարային փոխանցումները դեպի գաղտնարժույթային բորսաներ կամ հակառակ ուղղությամբ։ Իհարկե, բանկերը սա իրենց նախաձեռնությամբ չեն անում, որովհետև իրենք շահագրգռված են ինչքան հնարավոր է շատ փոխանցումներ սպասարկել, դրանից իրենք շահույթ ունեն։ Ցավոք սրտի, մենք Հայաստանում մի շատ կարևոր բան չենք հասկանում. որ ընդհանրապես որևէ պետություն կարող է տնտեսապես թռիչքաձև զարգանալ, եթե պետությունը շատ արագ և հմտորեն յուրացնում և տիրապետում է նոր տեխնոլոգիաներին, կառուցում է մի արդյունաբերություն, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա։ Ես մեղադրում եմ Հայաստանի իշխանություններին, Կենտրոնական բանկին նրա մեջ, որ այսօր իրենք իրենց գործողություններով կանգնեցնում են տեխնոլոգիական պրոգրեսը Հայաստանում։ Սա անընդունելի է, որովհետև Հայաստանն առանց այդ էլ ծանր վիճակում է գտնվում, սովորաբար նման դեպքերում երկրները պիտի համարձակ ճեղքումային տեխնոլոգիաների նկատմամբ մի քիչ ավելի բաց լինեն, իսկ Հայաստանը՝ ընդհակառակը։ Եղած բնական արգելքները կապված բլոկադայի հետ, խաղաղություն-պատերազմ՝ չլուծված իրավիճակի հետ, այս արգելքների վրա ավելացնում է իր սեփական արգելքները, իմ կարծիքով՝ բացարձակ անընդունելի է։ Մենք շատ խավարամիտ եւ հետադիմական կառավարում Հայաստանում։

- Ի՞նչ վիճակում է կրիպտոարժույթների շուկան Հայաստանում, արդյո՞ք օրենսդրական կարգավորումներ կան և ի՞նչ խնդիրների կարելի է բախվել մեր երկրում։

- Ըստ էության, մեր պետությունը չմտնելով այս բնագավառ, չկարգավորելով և արգելելով՝ զրկվում է ոչ միայն տեխնոլոգիական գործընթացի հնարավորություններից և նոր տնտեսական ներդրումներ գրավելու հեռանկարից, նաև զրկվում է գաղտնարժույթների տրեյսինգով զբաղված ձեռներեցների եկամուտների և բանկերի փոխանցումները սպասարկող վճարային հարկերից։ Հայաստանի քաղաքացիները սկսում են փոխանցումներն անել Վրաստանի կամ այլ երկրների բանկերի միջոցով ու բոլոր պտուղներից օգտվում են այլ երկրների բանկերը։ Հիմա Հայաստանում գաղտնարժույթային տրեյդինգը անհասկանալի գործունեություն է, տարբեր հիմնարկներ՝ չնայած այդ արգելքների, այնուամենայնիվ, իրականացնում են բիթքոյինի առք ու վաճառք՝ առանց կարգավորման, բայց դրա համար էլ վերցնում են բավականին մեծ միջնորդավճար, եւ, վստահ եմ մուծումներ են կատարում իրենց գործունեության վրա աչք փակող հովանավորներին պետական մարմիններում։ Այս ամենը որևէ մեկի կողմից կարգավորված չի, հայտնի չի, թե ինչ պետական մարմիններ են օգտվում և ինչ կոռուպցիայի առիթ է տալիս։ Այս ամեն ինչը խայտառակություն է։ Ես ուղղակի կոչ եմ անում և՛ մեր հանրությանը՝ ուշադրություն դարձնել այս հարցի վրա, և՛ մեր իշխանություններին, կառավարությանն ու կենտրոնական բանկին արագորեն վերանայել այս անպատասխանատու քաղաքականությունը։ Գաղտնարժույթների մասով այն, ինչ կատարվում է այս պահին Հայաստանում, կարելի է մեկ բառով բնորոշել՝ խայտառակություն։ Որովհետև մի կողմից մեր օրենսդրությունը չի ճանաչում գաղտնարժույթները, որևէ օրենքով դրանք չեն կարգավորվում՝ որպես ակտիվ կամ որպես կոլեկցիոն արժեք, մյուս կողմից, չգիտես՝ ինչու, էթիկայի հանձնաժողովը պահանջում է, որ լրացվող ակտիվների շարքում նաև նշվի գաղտնարժույթներով ունեցած ակտիվները։ Հարց է ծագում. եթե որպես պետություն օրենսդրորեն չեն ճանաչում այդ ակտիվը, ինչո՞ւ են պահանջում, որ դրա մասին լրացվի էթիկայի հանձնաժողովների հաշվետվություններում։ Այստեղ արդեն հակասություն կա. պիտի ճանաչեն, նոր պահանջեն, որ դա լրացվի։ Երկրորդ հարցը՝ գաղտնարժույթների առևտուրը արգելված չի օրենքով, այլ ուղղակի տորպեդահարված է կամայական և անօրինական հրահանգ «հորդորներով»։ Մեծ թվով մարդիկ կան, որոնք զբաղվում են գաղտնարժույթների առևտրով և ոչ մի անօրինական բան դրանով չեն անում, որովհետև գործում է սկզբունք՝ այն, ինչ արգելված չէ, թույլատրելի է։ 

- Ըստ Ձեզ, ո՞րն է Կենտրոնական բանկի մտահոգությունը։

- Կենտրոնական բանկի մտահոգությունները տարբեր կարող են լինել, մասնավորապես՝ իրենք կարող են ռիսկեր տեսնել դրա մեջ, որ սա ռիսկային ինվեստիցիա է, և շատերն, ովքեր ներդրումներով կմտնեն գաղտնարժույթների մեջ, կարող են մեծ կորուստներ ունենալ։ Դա, իհարկե, արդարացված սպասում է. շատ մարդիկ կարող են ֆինանսական կորուստ ունենալ, բայց դրա համար կան գործիքներ, որոնցով Կենտրոնական բանկը կարող է կանխել ռիսկերը։ Առաջին, բոլոր քաղաքացիներին զգուշացնելով այդ ներդրումների ռիսկայինության մասին։ Երկրորդ, սա ես համարում եմ ավելի վատ լուծում, բայց կարող է սահմանվել այսպես կոչված որակյալ ինվեստորների կարգավիճակ, այսինքն՝ սահմանափակել, թե ինչքան սովորական քաղաքացին կարող է ներդնել գաղտնարժույթների մեջ, և ինչքան կարող է ներդնել «որակյալ ներդնողը»։ Այսինքն՝ «Որակյալ ներդրողի» կարգավիճակ ստանան այն մարդիկ, ովքեր կապացուցեն, որ ունեն բավարար գիտելիքներ նման ռիսկային գործարքների մեջ մտնելու համար։ Ի դեպ, այդ ուղղությամբ հիմա Ռուսաստանն է գնում, մշակում են այդ օրենսդրությունը։ Այն չարաշահումները, կոռուպցիան, նարկոմաֆիայի գործարքները, որոնք տեղի են ունենում գաղտնարժույթների օգտագործմամբ, պետությունները պետությունները պետք է հետաքննեն հատուկ ստեղծված ստորաբաժանումների կողմից, որոնք հագեցած են IT բնագավառի մասնագետներով։ Դա այն ճանապարհն է, որով պետությունները պետք է գնան եւ առաջադեմ պետությունները գնում են, ոչ թե արգելենք, չունենանք, որովհետև դժվար է վերահսկել կամ որովհետեւ վերահսկողությունը պահանջում է լուրջ տեխնոլոգիաներ, խելացի մարդկանց ներգրավում, ընդ որում՝ բարձր աշխատավարձներին սովոր մարդկանց ներգրավում։ Այս ամենը չպիտի դառնա արդարացում։ 

Ոսկեհատ Պողոսյան