Ըստ CNBC հեռուստաընկերության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, 2023-ի բյուջեն ներկայացնելիս, կառաջարկի նվազագույն նոր եկամտահարկ սահմանել, որը մեծապես կթիրախավորի միլիարդատերերին: «Միլիարդատերերի նվազագույն եկամտահարկ» կոչվող փաստաթղթում նշվում է, որ այս փոփոխության արդյունքում 100 միլիոն դոլարը գերազանցող ունեցվածք ունեցողներից կգանձվի 20% նվազագույն եկամտահարկ:
Ըստ փաստաթղթի՝ այս նվազագույն եկամտահարկը թույլ կտա, որ ամենահարուստ ամերիկացիներն այլևս չվճարեն ավելի քիչ եկամտահարկ, քան ուսուցիչներն ու հրշեջները: Եթե հարուստ սեփականատերն իր ամբողջական եկամտի համար արդեն վճարում է 20%, ապա նա հավելյալ հարկ չի վճարի: Եթե վճարում է 20%-ից քիչ, կպարտավորվի վճարել «հավելյալ վճար»՝ նոր սահմանված նվազագույն չափը ապահովելու համար: Արդյունքում, նոր սահմանված նվազագույն եկամտահարկը կապահովի, որ գերհարուստ միլիարդատերերն իրենց ունեցվածքի չստացված եկամուտի համար սկսեն հարկվել՝ ի տարբերություն նախորդ տասնամյակների:
Այս հարկային առաջարկն ընդգրկված է 2023 թվականի բյուջեում, որը կներկայացվի այսօր: Դեռևս հայտնի չէ՝ Կոնգրեսը հավանություն կտա՞ Բայդենի այս առաջարկին, թե՞ ոչ: Անցյալ տարի Սենատում դեմոկրատները ներկայացրին միլարդատերերին վերաբերող եկամտահարկի՝ իրենց առաջարկը, որը հարկում էր հարուստ ամերիկացիներին չստացված շահույթի համար: Սակայն, ի վերջո, այս նախաձեռնությունը ընթացք չստացավ: