Քաղաքական

Ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Լուկաշենկոյի ներքաղաքական օրակարգը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը: 

Նա հիշեցրել է, որ Լուկաշենկոյի հայտարարություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանը. «Ուզում եմ վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այս ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, վստահ կարող եք լինել՝ ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»։

Միրզոյանը նաև նշել է, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում. «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը, նաև այն իրավապայմանագրային դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը»:

Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել «Հետայսու ևս համապատասխան պաշտոնական հայտագրերի դեպքում պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»: