Փաստաբանների պալատի փաստաբան Սեդա Սաֆարյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է դատական համակարգի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի երեկ տարածած հայտարարությանը՝ համարելով այն անլուրջ և անհիմն։
Հիշեցնենք, Քոչարյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր գործիչների կալանավորումները «դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է», և որ «կատարվողը իրավական պետության քայքայում է»։
Ըստ Սաֆարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կազմավորած դատական համակարգը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել և մինչև հիմա դեռ կախված է իրենից. «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի նշանակած դատավորները հիմնական կորիզով ենթարկվում են հենց նույն ուժերին։ Դրա համար մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ազատության մեջ։ Հետևապես անկախությունը կոտրելու կամ ճիգ թափելու մեղադրանքները պետք չէ իշխանության վրա բարդել։ Որոշակի գործերի նկատմամբ եթե որոշ դատավորներ դրսևորում են իրական անկախություն, ապա ի՞նչն է Ռոբերտ Քոչարյանին մտահոգում»։
Սաֆարյանը նշեց, որ իշխանությունը, չնայած խոսում է փոփոխություններից և վեթինգի ծրագրերից, սակայն դեռ բուն գործողությունների և գործընթացների չեն հասել, որովհետև վեթինգ իրականացնող մարմինները ունեն լուրջ կախվածություն այս կամ այն ուժից։
Փաստաբանի խոսքով այնպես է ստացվել, որ որոշ մարդկանց պատասխանատվության հարցը դարձել է խիստ անհրաժեշտություն, որովհետև շատ ավելին են արել, քան մնացածները։ Հետևապես որոշ անձանց պատասխանատվության խնդիր չդնել չեն կարող, հակառակ դեպքում ժողովրդի ըմբոստությանը կարժանանան. «Պատասխանատվության պետք է ենթարկվի յուրքանչյուրը, ով կատարել է նմանատիպ արարքներ։ Սակայն պատժում են այն մարդիկ, որոնց դեմ ապացուցները շատ են, իսկ մյուսների գործերը չեն ուղարկում դատարան` իմանալով դատարանների մոտեցումն այդ հարցերում»։
Լուսինե Գրիգորյան