Այն ապրանքանիշերի տեխնիկայի պահուստները, որոնք սահմանափակել են իրենց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան, այդ թվում՝ Apple-ի և Samsung-ի արտադրանքները, կհերիքեն միջինում երկու-երեք ամիս:
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ սահմանեցին բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման նկատմամբ։ Ըստ դրանց՝ ամերիկյան ընկերությունները պետք է լիցենզիա ստանան՝ Ռուսաստան էլեկտրոնիկա, համակարգիչներ, ավիոնիկա, օդատիեզերական արդյունաբերության համար բաղադրիչներ եւ այլ արտադրանք արտահանելու նպատակով։
Սպառողական «հեռահաղորդակցային սարքերը», ներառյալ՝ անհատական համակարգիչները, մոդեմները, բջջային հեռախոսները եւ թվային տեսախցիկները, սահմանափակումների տակ չեն հայտնվել եւ կարող են ազատորեն մատակարարվել ֆիզիկական անձանց կողմից օգտագործման համար, բացի Ռուսաստանի իշխանություններից եւ պատժամիջոցների ցանկում հայտնված անձանցից:
Սակայն մի քանի խոշոր արտադրողներ հայտարարեցին Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին։ Այսպես, մարտի 1-ին ամերիկյան Apple-ը հայտարարեց Ռուսաստան ապրանքների մատակարարումների դադարեցման և ընկերության ծառայությունների, այդ թվում՝ Apple Pay վճարային համակարգի սահմանափակման մասին։ Այնուհետեւ հարավկորեական Samsung-ի և մի շարք այլ ընկերությունների կողմից դադարեցվեցին սմարթֆոնների, չիպերի և սպառողական էլեկտրոնիկայի մատակարարումները։
Խոշոր ցանցերում արդեն իսկ նկատվում է iPhone 11-ի եւ 12-ի դեֆիցիտ։ «Մենք վաճառում ենք պահեստում մնացած ապրանքները, iPhone 11-ը եւ 12-ը մի քանի տարի վաճառվում են Ռուսաստանում, դրանց պահուստները շատ չէին։ Բացի այդ, գների բարձրացումից հետո այս մոդելների արժեքը նոր մոդելների համեմատ ավելի մատչելի է դարձել։ Հիմա iPhone 12 Pro Max-ի արժեքը մոտավորապես նույնն է, ինչ iPhone 13 Pro Max-ինը վեց ամիս առաջ»,- RBC-ին ասել է խոշոր ցանցերից մեկի աշխատակիցը: